Լոնդոնի Օլիմպիական խաղերի մեկնարկը՝ Սիրահարների այգում
Այսօր երեկոյանը ժամը 23:00-ին Սիրահարների այգում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը կնշի Լոնդոնում մեկնարկող օլիմպիական խաղերի բացումը: Միջոցառումը բաց է բոլոր ցանկացողների համար: Մասնակիցները կլսեն դիջեյ Հակոբի կողմից հատուկ պատրաստված բրիտանական երաժշտության լավագույն ընտրանին, իսկ ուղիղ ժամը 24:00-ին այգում տեղադրված մեծ էկրանի միջոցով կմիանան Լոնդոն ու կդիտեն Օլիմպիական խաղերի մեկնարկը: «Այս գիշեր ամբողջ աշխարհի ուշադրությունն ու հայացքն ուղղված կլինի դեպի Լոնդոն, ուր պատմության մեջ արդեն երրորդ անգամ կմեկնարկեն ամառային Օլիմպիական խաղերը:
205 երկրների մոտ 15,000 մարզիկներ և միլիոնավոր մարդիկ հավաքվել են Լոնդոնում՝ մասնակցելու 30-րդ Օլիմպիադայի բացման արարողությանը և դրան հաջորդող մարզական միջոցառումներին: Իսկ շաբաթ օրը՝ հուլիսի 28-ին Միացյալ թագավորության դեսպան Ջոնաթան Էյսը կայցելի Երևանի ծննդատներից մեկը և հատուկ Օլիմպիական նվերներ կմատուցի խաղերի բացման ժամին ծնված երեխաներին: Հուլիս 30-ին արդեն Կապանում դեսպան Էյվսը նվերներ կհանձնի Օլիմպիադայի բացման օրը լույս աշխարհ եկած նորածիններին:
Օգոստոսին ևս Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության դեսպանատունն իր գործընկերների հետ նախատեսում է անցկացնել մի շարք միջոցառումներ՝ Օլիմպիական և Պարաօլիմպիկ խաղերի կապակցությամբ:
Լոնդոնի Օլիմպիական խաղերի մեկնարկին հաշված ժամեր են մնացել, իսկ Երևանում Բրիտանական դեսպանատունը շարունակելու է իր հետաքրքիր նախաձեռնությունների շարքը»,- ասված է Բրիտանական դեսպանատան մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ: