Եթե արագ քայլեր չձեռնարկվեն` ՀՀ-ում գիտության վախճանն անխուսափելի կլինի
Ասում է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Լևոն Բաղդասարյանը (Levon Bachdasarian)
Լևոն Բաղդասարյանը ծնվել է 1966թ.-ին Ղարաբաղում, ավարտել է Երևանի Ալ. Շիրվանզադեի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցը, այնուհետև սովորել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետում: Համալսարանն ավարտելուց հետո Լ. Բաղդասարյանն ուսումը շարունակել է Մոսկվայի ֆիզիկաինժեներական ինստիտուտում` սովորելով ասպիրանտուրայում: Որոշ ժամանակ անց նա տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, ապա գործունեությունը շարունակել է Հոլանդիայում` աշխատելով հայտնի Philips Medical systems ընկերությունում, որտեղ էլ պաշտպանել է դիսերտացիան: Աշխատել է նաև Yacht Technology, Ordina, Getronics ընկերություններում: Լևոն Բաղդասարյանն արդեն մոտ 7 տարի աշխատում է Metris B.V. հոլանդական գիտահետազոտական կենտրոնում` որպես տեխնիկական գծով ղեկավար: Լ. Բաղդասարյանի շնորհիվ տարիներ առաջ` 2005թ., Լեռնային Ղարաբաղում հիմնադրվել է Metris IT Solutions ընկերությունը, որը հիմնականում կատարում է հոլանդական Metris B.V. ընկերության պատվերները, օրինակ` անցում IBM-OS2, Visual AGE C++ ծրագրից` MS Windows Visual C++ ծրագրի: Ընկերությունը նաև իրականացնում է ծրագրերի ձևափոխում և մշակում, ազդանշանների վերլուծություն, հոծ ազդանշանների մշակում, ազդանշանների կոդավորում և ապակոդավորում, պատահական ազդանշանների ճանաչում, ազդանշանների թվային մշակում, ավտոմատ փուլային դասակարգման համակարգի ստեղծում: Հոլանդական Metris B.V. ֆիրմայի պատվերով Metris IT Solutions Ltd.-ն ստեղծել և մշակել է ալգորիթմներ կենդանիների վարքագծերի ճանաչման, նրանց գրանցման և նրանց մասին վիճակագրական տվյալների հավաքագրման համար` հիմնվելով զգայական և գերձայնային ազդանշանների վրա: Այս ընկերության մասնագիտական ուղղվածությունը ծրագրերի նախագծումը և աութսորսինգն է, բժշկական մասնագիտացված համակարգերի մշակումը, ինչպես նաև մեծ ճշգրտություն ունեցող ծրագրերի նախագծումը, որոնց մեջ օգտագործվում են ազդանշանների մշակումը և ուսումնասիրումը, շարժական ու անշարժ առարկաների ճանաչումը: Metris B.V. ընկերության արտադրանքը LABORAS և SONOTRACK ծրագրերն են, որոնք օգտագործվում են դեղագործության, հոգեբուժության, տոքսիկոլոգիայի և հոգեբանության ասպարեզներում:
Հայաստանում գիտության վախճանն անխուսափելի է, եթե արագ քայլեր չձեռնարկվեն ոլորտի զարգացման ուղղությամբ: Այս մասին 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լևոն Բաղդասարյանը: Նրա խոսքով` Հայաստանում գիտության ոլորտի խնդիրներից է նախևառաջ` համապատասխան կադրերի բացակայությունը: «Օրինակ, Հոլանդիայի Metris B.V. ընկերությունում 3 հայ է աշխատում, մեծամասնությունը հոլանդացիներ, իսլանդացիներ և այլ ազգերի ներկայացուցիչներ են: Կադրերի պակասը լուրջ խնդիր է ոչ միայն մեր ընկերության համար, դա որևէ երկրի զարգացման համար կարևորագույն նշանակություն ունեցող հարց է»,-ասաց Լ. Բաղդասարյանը: Նրա խոսքով` ցավոք, հայ մասնագետները շատ քիչ կամ հազվադեպ են մասնակցում միջազգային գիտական կոնֆերանսների: Նման կոնֆերանսներին մասնակցությունը կարևոր է նաև այն իմաստով, որ նոր հնարավորություններ են և գիտնականների միջև նոր կապեր, համագործակցության եզրեր են ստեղծվում: Եթե հայ գիտնականներն ավելի հաճախ մասնակցեին միջազգային կոնֆերանսների, ապա հնարավոր կլիներ հետագայում միջազգային համագործակցության բազմաթիվ ծրագրեր սկսել ՀՀ-ում, ինչու չէ` համատեղ ծրագրեր մշակել, համատեղ սեմինարներ կազմակերպել , և այլն:
«Մեր հարևան երկրներն այդ իմաստով բավական ակտիվ են և միջազգային կոնֆերանսների ժամանակ հաճախ կարելի է հանդիպել ադրբեջանցի, վրացի գիտնականների, իսկ հայ գիտնականներ գրեթե չկան, կամ էլ, եթե հայ գիտնականների ենք հանդիպում, ապա նրանք Հայաստանում չեն ապրում` աշխատում են ԱՄՆ-ում, Կանադայում և այլուր»,- ասաց Լ. Բաղդասարյանը` ավելացնելով, որ հայերն իրենց մասնակցությամբ, մասնագիտական ելույթներով կարող են լուրջ հետաքրքրություն առաջացնել, սկիզբ դնել հետագա համատեղ ծրագրերի իրականացմանը:
Ըստ գիտնականի` Հայաստանում գիտության զարգացման համար նախևառաջ բացակայում է նաև կառուցվածքային մտածելակերպը, այսինքն` շատ արագ կերպով պետք է գնահատական տրվի ներկա վիճակին, ուսումնասիրվի շուկայի պահանջարկը և որոշակի հատուկ ծրագիր մշակվի գիտության տարբեր ուղղությունների զարգացման և առաջնահերթությունների վերաբերյալ: «Պետք է իրական գնահատական տրվի իրավիճակին, արագ քայլեր ձեռնարկվեն, որպեսզի Հայաստանը ներկա վիճակից տեղաշարժվի դեպի ցանկալի վիճակ: Իսկ զարգացման ցանկալի վիճակին հասնելու համար պետք է հատուկ ծրագրեր ստեղծվեն, այդ թվում` քայլեր կատարվեն, որոնք ուղղված կլինեն գիտական կապերի հաստատմանն ու զարգացմանը` համատեղ աշխատանքների, սեմինարների և նախաձեռնությունների միջոցով»,- ասաց Լ. Բաղդասարյանը: Ըստ գիտնականի` այդ ամենին զուգահեռ, պետք է մեծ ուշադրության արժանացնել մշակույթը, նոր կապեր ստեղծել, ծրագրեր նախաձեռնել: Լ. Բաղդասարյանի համոզմամբ` մշակույթը կապված է գիտության հետ, իսկ եթե մշակութային կապեր չկան, ապա այդ երկրի հետ համատեղ աշխատելու հետաքրքրությունը նվազում է: «Ենթադրենք` մի անգլիացի գալիս է Հայաստան, տեղափոխվում է Արմավիրի մարզ` ինչ-որ աշխատանք կատարելու համար: Այդ մարդը սովոր է իր օրը հետաքրքիր կազմակերպել և տարբեր ժամանցի վայրեր գնալ, բայց Արմավիրում դա չգտնելով` ստիպված պետք է լինի հեռանալ այդտեղից: Իհարկե, Երևանն այդ պրոբլեմով չի տառապում, բայց մյուս մարզերն ունեն այդ մշակութային խնդիրները»,- ասաց Լ. Բաղդասարյանը:
«Եթե, օրինակ, Հայաստանում ֆիզիոլոգիայի կամ միկրոբիոլոգիայի ինստիտուտում օգտագործվում է 60-ական թվականների մանրադիտակ, ապա հնարավոր չէ այդ մանրադիտակով աշխատող գիտնականից սպասել, որ նա պետք է աշխարհահռչակ գիտնական դառնա: Այն դեպքում, երբ արտերկրում օգտագործելով դրանից հարյուր-հազարավոր անգամ ուժգին մանրադիտակներ` նույն արդյունքը տալ չեն կարողանում»,- ասաց Լ. Բաղդասարյանը: Նրա խոսքով` այժմ փոխվել են և տեխնոլոգիաները, և գիտության նպատակներն ու ուղղությունները, փոխվել են արտաքին և ներքին պայմանները, ինչպես նաև հետազոտության ընդհանուր ընթացքը` որևէ նախագծի ղեկավարումը և կազմակերպումը:
«Ի վերջո, յուրաքանչյուր երկիր ունի իր առաջնահերթությունները: Պետք է որոշվի` Հայաստանը պե՞տք է դառնա բժշկությամբ հզոր, ֆիզիկամաթեմատիկայով հզոր, տեխնոլոգիաներով հզոր երկիր, թե՞ոչ: Այսօր Հայաստանն ունի ինչ-որ չափով տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ ծրագրեր, բայց գիտության մյուս բնագավառները գրեթե զրոյական մակարդակի վրա են գտնվում: Ծրագիր չկա: Երկրորդը` կադրերի պակասի հարցն է, համալսարանը շարժվում է 19 50-60-ական թվականների ծրագրերով, անհրաժեշտ գրականություն չկա, այսինքն` պետք է մոդեռնիզացնել մեր այսօրվա կրթական հաստատությունների ծրագրերը: Եթե այսօր գոնե ավագ սերնդի գիտնականները, որոնք 60-80 տարեկան մարդիկ են` չփոխանցեն այդ գիտելիքները, ապա ի՞նչ են անելու երիտասարդ մասնագետները: Տեղի կունենա գիտության վախճան: Այս պահին Ռուսաստանը`շատ լավ հասկանալով խնդրի լրջությունը` փոխել է իր ռազմավարությունը և այժմ փորձում է Ռուսաստան վերադարձնել ազգությամբ ռուս մասնագետներին, ովքեր տարիներ շարունակ արտերկրում են աշխատում: ՌԴ իշխանություններն այդ մասնագետներին ետ են բերում, կրկնակի աշխատավարձ են տալիս, պայմաններ են ստեղծում, որպեսզի այդ մասնագետները մնան և կադրեր պատրաստեն: Շատ լավ գիտակցում են, որ ավելի լավ է պատրաստի մասնագետներին տեղափոխել Ռուսաստան: Օրինակ` դեղագործության ոլորտի զարգացման համար Ռուսաստանը հատուկ ռազմավարություն է մշակել, և շատ շուտով կսկսեն նոր դեղորայք արտադրել և կարճ ժամանակահատվածում աշխարհում լուրջ տեղեր կզբաղեցնեն: Ռուսաստանն առաջիկա տասնամյակում միջազգային շուկայում կունենա շատ գերիշխող դիրք, այնինչ, որպես դեղորայք ստեղծող և արտադրող երկիր, գրեթե վերացել էր քարտեզի վրայից:
Իսկ Հայաստանը, եթե այսպես շարունակի, ընդհանրապես կվերանա ասպարեզից: Հայաստանը տվել է լավ գիտնականներ` Վիկտոր Համբարձումյան, Օրբելի, և այլք: Հայաստանը մեծ համբավ ուներ գիտության ասպարեզում: Աշխարհը նրանց միջոցով էր ճանաչում Հայաստանը: Պետք է պայմաններ ստեղծվեն, որպեսզի լուրջ մասնագետները չցանկանան հեռանալ երկրից, և պետք է այնպես անել, որպեսզի աշխարհի տարբեր երկրներում աշխատող հայազգի գիտնականները, մասնագետները ցանկություն ունենան Հայաստանում ծրագրեր իրականացնել: Կառավարությունը պետք է հասկանա` ո՞ր ուղղություններն են առաջնահերթ: Եվ պետք է այդ ուղղությամբ հստակ քայլեր ձեռնարկվեն»,- ասաց Լևոն Բաղդասարյանը:
Լուսանկարը` Մելիք Բաղդասարյանի, «Ֆոտոլուր»