Սիրունյանը Վանոյին թողել է Սունդուկյանի անվան թատրոնի դիմաց և այլևս ետ չի նայել

ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի նախկին թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց, թե ինչպես է Վանո Սիրադեղյանը հեռացել Հայաստանից:

Սկզբում նա խոսեց Սիրադեղյանի վերադարձի նպատակով ստեղծված «Ելք» շարժման մասին` նշելով, որ ինքն անձամբ չի անդամակցել այդ շարժմանը, չնայած իր ընկերներից շատերը միացել են դրան: «Վանո Սիրադեղյանի հեռանալուց ի վեր` այս 12 տարիների ընթացքում, ես և իմ ընկերները փորձել ենք պայքարել նրա հնարավոր վերադարձի համար: Զուտ դա է պատճառը, որ ես չեմ միացել այդ շարժմանը, սակայն իմ ընկերներից շատերը միացել են: Այսօր շատ ճանաչված մարդիկ են միացել «Ելք» շարժմանը, և ուրախ եմ, որ նրանք գտնում են, որ ինչ-որ բան այս երկրում այսօր պակաս է, և այդ պակասը պետք է լրացվի Վանո Սիրադեղյանով»,- ասաց Ս. Սիրունյանը: Այնուհետև նա պատմեց, թե ինչպես է ինքը ճանապարհել Վ.Սիրադեղյանին Հայաստանից: «12 տարի է անցել այն օրից, որ Վանո Սիրադեղյանը չի գտնվում ՀՀ-ում. 2000թ. ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը Վանոն Հայաստանից հեռացավ: Տարատեսակ լուրեր և խոսակցություններ են եղել այդ թեմայի շուրջ, թե իշխանություններն աջակցեցին Վանոյին հեռանալու Հայաստանից, թե պայմանավորված էր և այլն: Եթե հիշում եք, Վ.Սիրադեղյանը մասնակցում էր դատական պրոցեսներին, և նա գտնում էր, որ ինքը կարիք չունի արդարանալու դատարանի առջև` ապացուցելու իր անմեղությունը: Եթե Վ.Սիրադեղյանը մեկ րոպե մտածեր, որ նա կապ ունի այդ քրեական գործի հետ, 1998թ., երբ նա մի պահ լքեց Հայաստանը, նա ընդհանրապես չէր վերադառնա: Նա ինքն էր պատրաստակամություն հայտնել մասնակցելու դատական պրոցեսներին: Այսօր առաջին անգամ հայտարարում եմ բոլորին, որ  2000թ. ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը Վանո Սիրադեղյանին ես ինքս եմ ճանապարհել Հայաստանից: Ապրիլի 3-ին` երեկոյան 12:30-ին, Վանո Սիրադեղյանը դեռ միայնակ նստած էր ՀՀՇ վարչության շենքի առջև: Ես նրա բոլոր ընկերներին ճանապարհել էի տուն, և ոչ ոք այդ օրը չի իմացել, որ հաջորդ օրը Վանոն Հայաստանում չի լինելու: Ես ինքս չեմ իմացել այդ մասին: Մենք, ինչպես կարգն էր, երկու մեքենայով ուղեկցեցինք նրան դեպի տուն, սակայն մինչ այդ Վանոն ինձ ասել էր, որ ես իմ անձնական մեքենայով միայնակ լինեմ, և երկրորդ մեքենան մեզ հետ չմտնի բակ, ինչը մի պահ ինձ տարօրինակ թվաց: Սակայն հետո ես ճանապարհին սկսեցի որոշ բաներ հասկանալ: Վ.Սիրադեղյանը, հասնելով տուն, իջավ իր մեքենայից և անմիջապես նստեց իմ մեքենան, իսկ թիկնազորի մնացած տղաները բակում մեզ էին սպասում (ասեմ, որ այդ ժամանակ ամբողջությամբ վերահսկվում էր  Վ.Սիրադեղյանի` Մյասնիկյան փողոցում գտնվող բնակարանը), ես նրանց ազդանշան տվեցի, թե Սիրադեղյանն արդեն տանն է, և մենք երկուսով բակից դուրս եկանք: Ես այնպես արեցի, որ մեզ հսկող մեքենաներից երկուսը չկարողանան մեր հետևից գալ: Հետո ես, Վանո Սիրադեղյանին թողնելով Երևանի «X» կետում, վերադարձա տուն: Այդ օրվանից հետո Վանո Սիրադեղյանը ՀՀ-ում ընդհանրապես չի եղել»: Իսկ ավելի ուշ Ս.Սիրունյանը բացահայտեց, թե որն է եղել այդ «X» կետը. «Սունդուկյան թատրոնի դիմաց, և այլևս հետ չեմ նայել` համաձայն պայմանավորվածության»: Սակայն լրագրողներից մեկի հարցադրմանը, որ եթե նա Վ.Սիրադեղյանին թողել է Սունդուկյանի  անվան թատրոնի մոտ, այլ ոչ թե օդանավակայանում, նշանակում է, որ Վ.Սիրադեղյանը Հայաստանո՞ւմ է, Ս.Սիրունյանը պատասխանեց. «Ես չեմ ասում, թե Վանո Սիրադեղյանը Հայաստանում է կամ Հայաստանում չէ: Ես հիմա չգիտեմ` Վանոն Հայաստանո՞ւմ է, թե՞ ոչ: Ես այդ մասին չեմ ասում»:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս