
Սիրիահայ ՏՏ մասնագետներին կաջակցեն աշխատանքի հարցում

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունն (ԻՏՁՄ) իր մտահոգությունն է հայտնում Սիրիայում տեղի ունեցող քաղաքական ճգնաժամի կապակցությամբ, ինչի արդյունքում կարող է վտանգվել շուրջ 60.000-անոց սիրիահայ համայնքը: Այս մասին հայտնում են ԻՏՁՄ հանրային կապերի բաժնից:
Հաշվի առնելով, որ սիրիահայ համայնքում առկա են Բարձր տեխնոլոգիաների (ԲՏ), Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի մասնագետներ և ինժեներներ, ովքեր ներկայիս իրավիճակում հնարավոր է ցանկություն հայտնեն աշխատել հայրենիքում, Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունն իր պատրաստակամությունն է հայտնում իրազեկել հայաստանյան շուրջ 350 ՏՀՏ և 50 ԲՏ ընկերություններին նշված մասնագետների մասին և աջակցել նրանց աշխատանքի ընդունման հարցում:
Նույն խնդրով միությունը դիմել է նաև ՀՀ Սփյուռքի և Արտաքին գործերի նախարարություններ` խնդրելով ՀՀ դեսպանատան, եկեղեցական կառույցների և սիրիահայ համայնքի համապատասխան մարմինների միջոցով տեղեկացնել սիրիահայերի շրջանում ՏՀՏ և ԲՏ ոլորտի մասնագետներին հայրենիքում աշխատելու առաջարկի մասին:
Տեղեկացնենք, որ ՏՀՏ և ԲՏ սիրիահայ մասնագետները, ովքեր ցանկություն կհայտնեն աշխատել հայաստանյան ընկերություններում, կարող են իրենց տվյալներն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին: