Դամասկոսում շարունակվում են կատաղի մարտերը
Դամասկոսում արդեն երկրորդ օրն է շարունակվում են կատաղի մարտերը, որոնք համարվում են Սիրիայում մեկ տարուց ավելի շարունակվող բախումների ընթացքում գրանցված ամենաարյունալի բախումը:
Տեղեկություններ կան այն մասին, որ մայրաքաղաք Դամասկոսի որոշ արվարձաններ արդեն անցել են «Սիրիայի ազատ բանակ»-ի հսկողության տակ: Թեև զոհերի կոնկրետ թիվ չի նշվում, սակայն տեղեկություններ կան այն մասին, որ այսօր լուսադեմին 20-ից ավելի մարդ է զոհվել: Հիմնական մարտերը ընթանում են մայրաքաղաքը միջազգային օդանավակայանին կապող մայրուղու վրա:
Հակամարտությունը սրվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին նոր բանաձև ներկայացնելու նախաշեմին:
Ավելի վաղ, «Սիրիայի ազատ բանակը» հայտարարությամբ է հանդես եկել, նշելով, որ պատրաստվում է լայնածավալ գործողություններ սկսել կառավարական ուժերի դեմ: «Ազատ բանակի» նոր մարտավարությունն է` հարձակվել բոլոր կառավարական ուժերի վրա` երկրի տարբեր քաղաքներում կամ գյուղերում, ստիպելով նրանց կամ հանձնվել, կամ ոչնչացնելով նրանց:
Ընդդիմադիրներն այդ գործողությունն անվանել են «Հրաբուխ Դամասկոսում, երկրաշարժ Սիրիայում»: Նրանք նշել են, որ դա «առաջին ռազմավարական փուլն է, որպեսզի երկիրը հասցնեն ամբողջական և լիարժեք քաղաքացիական անհնազանդության»:
Նրանք նաև հայտարարել են, որ որպես «թիրախ» ընդունելու են նաև Սիրիայի զինյալ գործընկերներին նաև այլ երկրներից, օրինակ լիբանանյան «Հըզբոլլահից» կամ Իրանի հեղափոխական գվարդիայից:
Իսկ Իրաքում Սիրիայի նախկին դեսպանը, ով անցել էր ընդդիմության կողմը, BBC-ին տված հարցազրույցում նշել է, որ նախագահ Բաշար ալ Ասադը պատրաստ է անգամ քիմիական զենք կիրառել, եթե հայտնվի անելանելի վիճակում:
Նավաֆ Ֆարեսը հայտարարել է, որ չճշտված տեղեկություններով նման զենք արդեն իսկ կիրառվել է:
Նա նաև պնդել է, որ Սիրիայի տարբեր քաղաքներում տեղի ունեցած պայթյունները կազմակերպված են եղել Սիրիայում իշխող ռեժիմի և «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման ջանքերով: