​Բուժիչ նամակներ. Թոքախոտ բժշկական

Palmonaria` գաղտրիկազգիների ընտանիքին պատկանող բազմամյա խոտաբույս է։ Միջնադարի բժիշկ Մատտիոլիի կազմած դեղաբույսերի ցանկում այն նկարագրված է որպես «թոքերը բուժող ուժ ունեցող», նաեւ այն, որ օգտակար է թոքախտով հիվանդներին։ Շատ լեզուներում բույսի անվանումը կապված է «թոքեր» բառի հետ` լատիներեն, գերմաներեն, անգլերեն, ռուսերեն, հայերեն, այլ։

Բույսի ցողունն ուղղահայաց է, մինչեւ 30 սմ բարձրությամբ, անհարթ, մանր նստադիր տերեւներով։ Կոճղարմատից աճող ցողունները զարգանում են երկրորդ տարում։ Մերձարմատային վարդակի տերեւները սրտաձեւ են, երկարակոթուն, հիմքում ձգված։ Բոլոր տերեւներն ունեն սպիտակ պուտիկներ, անհարթ են, ծածկված մազիկներով։ Ծաղիկները զանգակաձեւ են, ողկույզներով տեղակայված ճյուղերի գագաթին, ծաղկում է մարտ-մայիս ամիսներին։ Ծաղիկների գույնը կապված է ներբջջային հյութի թթվայնության հետ։ Ծաղկաբողբոջի մեջ ռեակցիան թթու է եւ գույնը` վարդամորեգույն։ Վառ գունավորումը դեպի ծաղիկն է բերում միջատներին։ Փոշոտումից հետո ռեակցիան դառնում է չեզոք կամ թույլ հիմնային, իսկ ծաղիկները` կապույտ եւ մանուշակագույն։ Փոշոտման ենթարկված ծաղիկների գույնը խամրած են։ Պտուղը բաղկացած է չորս ձվաձեւ, սուր կլորավուն ընկուզիկներից։

Թոքախոտի ծաղիկները տարբեր են` մի քանիսի մոտ երկար են սռնակները, մյուսների մոտ` առէջքները։ Նման դասավորությունը խոչընդոտում է բույսի ինքնափոշոտմանը։

Տերեւի միջբջջային տարածքները լցված են օդի պղպջակներով, լույսը բեկվում է դրանցում, ինչի պատճառով տերեւի վրա երեւում են սպիտակ պուտիկներ։

Կարդացեք նաև

Բույսը շատ արժեքավոր մեղրատու է, քանի որ ծաղկում է վաղ գարնանը։ Մեղրատվությունը բավականին բարձր է` 100 կգ/մեկ հա։ Բույսի այլ անվանումներն են` մեղրուկ, մեղրախոտ։ Անգլիայում բույսը մշակվում եւ օգտագործվում է սննդի մեջ։

Մեղրուկն ունի մի քանի վայրի եւ մշակովի տեսակներ։ Տարածված է Տավուշի մարզում։ Աճում է սաղարթախիտ` հատկապես կաղնու եւ հաճարենու անտառներում, բացատներում, թփուտներում, փոքր ձորակներում։

Բուժիչ հատկություններ ունի բույսի վերգետնյա մասը, մթերեք ծաղկման շրջանի սկզբում, երբ բողբոջներն արդեն հասունացել են։ Փռեք բարակ շերտով, չորացրեք հով տեղում կամ ծածկի տակ։ Պահպանեք 1 տարի։

Պարունակում է սալիցիլաթթու, լորձանյութ, դաբաղանյութ, B խմբի եւ C վիտամիններ, ռուտին, զգալի քանակությամբ երկաթ, կրեմնիում, այլ արժեքավոր միկրո եւ մակրոտարրեր։

Ունի բարերար ազդեցություն էնդոկրին համակարգի վրա, արյունարգել, արյունաստեղծ, կապող, փափկեցնող, պարուրող, վերքամոքիչ, հակաբորբոքային, հականեխիչ, խորխաբեր հատկություններ։ Որպես միզամուղ` կիրառվում է միզաքարային հիվանդության, երիկամների եւ միզապարկի բորբոքումների դեպքում։ Նաեւ օգտակար է ստամոքսաբորբի, սակավարյունության բուժման ընթացքում` որպես օժանդակ միջոց։

Ինչպես հարյուրավոր տարիներ առաջ, կիրառվում է վերին շնչուղիների եւ թոքերի հիվանդությունների բուժման համար։ Արյան քանակային եւ որակական բաղադրությունը վերականգնելու համար խմում են թուրմը եւ ուտում թարմ տերեւները։

Մեղրուկը հրաշալի միջոց է դիմադրողականությունը բարձրացնելու համար. 2ճ/գ չոր խոտը 10-15 րոպե թրմեք 300 մլ եռջրում։ Քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ։

– Լողացրեք երեխաներին մեղրուկի թուրմով։

– Արտաքին արյունահոսությունը դադարացնելու, վերքերը բուժելու համար ցանեք խոտի փոշին կամ դրեք թարմ տրորած տերեւները` մեղրուկ թուրմով։

– Արտաքին արյունահոսությունը դադարեցնելու, վերքերը բուժելու համար ցանեք խոտի փոշին կամ դրեք թարմ տրորած տերեւները` մեղրուկը նաեւ յոդ է պարունակում։

Հյութը մեղմացնում է բոլոր տեսակի բորբոքային ընթացքը, կարգավորում օրգանիզմի նյութափոխանակությունը, օգտակար է լյարդին, թութքով հիվանդներին։

– 10-15ճ/գ թարմ հյութը լուծեք 600 մլ եռջրում, խմեք 200-ական մլ, օրը 3-4 անգամ` սնվելուց կես ժամ առաջ։ Շարունակեք 2-3 շաբաթ։ Զգալիորեն կբարելավեք ձեր առողջական վիճակը։

Մեղրուկը չի կարելի երկար օգտագործել հաճախակի կրկնվող փորկապության դեպքում։

Այսպիսին է այս հրաշալի բույսը` ապահովում է վաղ բերքով մեղուներին, ապաքինում նվազ երեխաներին, բուժում բազմաթիվ հիվանդություններից։ Կարճ է մեղրուկի ծաղկման շրջանը, որից հետո բույս «անհետանում» է` մինչեւ հաջորդ տարվա ձնհալը։

Տեսանյութեր

Լրահոս