
ՏԻՄ ընտրությունները՝ հուլիսի 8-ին

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր` հուլիսի 4-ին գումարել է հերթական նիստ:
ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախքան նիստի օրակարգին անցնելը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է տեղեկատվություն` 2012թ. հուլիսի 8-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ:
Ըստ այդմ` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու հանրապետության 9 ընտրատարածքների 17 համայնքում, որոնցից 16-ում` անցկացվելու են հերթական եւ մեկում` արտահերթ ընտրություններ: 16 համայնքում անցկացվելու են համայնքի ղեկավարի, իսկ մեկ համայնքում (Լոռու Ահնիձոր)` ավագանու անդամի ընտրություններ: 16 համայնքներից երկուսում միաժամանակ անցկացվելու են նաեւ ավագանու անդամի ընտրություններ: 6 համայնքում գրանցվել են համայնքի ղեկավարի 1-ական թեկնածու, 6 համայնքում` 2-ական, 3 համայնքում` 3-ական եւ մեկ համայնքում` 4 թեկնածու: Գրանցված համայնքի ղեկավարի թեկնածուներից երկուսը կին են:
Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց նաեւ, որ համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի` իրականացվել են ընտրությունների նախապատրաստական բոլոր աշխատանքները, կազմավորվել են ընտրական տեղամասերը, եւ սահմանվել են տեղամասային կենտրոնները: