
Հայաստանին տրամադրվող ԱՄՆ դրամական օգնությունը կկրճատվի

Հայաստանին տրամադրվող ԱՄՆ-ի դրամական օգնությունը կկրճատվի: ԱՄՆ-ի նախագահը, ներկայացնելով իր ներկայիս պաշտոնավարման ժամանակաշրջանի բյուջեի վերջին նախագիծը, կոչ է արել կտրուկ՝ 19%-ով կրճատել Հայաստանին տրամադրվող օգնությունը:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից տարածված մամուլի հաղորդագրության համաձայն, նախագահ Օբաման 2013 ֆինանսական տարվա համար առաջարկել է Հայաստանին Տնտեսական աջակցության հիմնադրամի գծով հատկացնել 27 միլիոն 219 հազար դոլար կազմող գումար, ինչը 32%-ով պակաս է 2012 ֆինանսական տարվա ընթացքում ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից հաստատված 40 միլիոն դոլար կազմող օգնությունից: Այս գումարը սակայն չի ներառում 2013 ֆինանսական տարվա համար առաջարկված թմրանյութերի միջազգային վերահսկման և օրինապահ մարմիններին տրամադրվող աջակցության և Առողջապահական գլոբալ ծրագրերի (ԱՄՆ ՄԶԿ) գծով տրամադրվող օգնության ծավալը, որոնք, համապատասխանաբար, կազմում են 2 միլիոն 824 հազար և 2 միլիոն 500 հազար դոլար: Ինչ վերաբերում է ռազմական համագործակցությանը, ապա նախագահ Օբամայի վարչակազմը պահպանել է Օտարերկրյա ռազմական ֆինանսավորման և միջազգային ռազմական կրթության և ուսուցման գծով Հայաստանին և Ադրբեջանին հատկացվող գումարների հավասարությունը՝ յուրաքանչյուր պետության համար առաջարկելով հատկացնել համապատասխանաբար 2,7 միլիոն և 600 հազար դոլար: