Բաժիններ՝

Տիգրան Դավթյան. ՏՏ նախարարություն ստեղծելու կարիք չկա

Հայաստանի էկոնոմիկայի նախարարի 2 պաշտոնյա այսուհետ պատասխանատվություն կստանձնեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կառավարման առումով: Այդ մասին այսօր` հունիսի 30-ին, Աղվերանում ընթացող «Տեխնոլոգիական սեկտորի եւ պետության միջեւ համագործակցության խնդիրները» խորագրով ՏՏ լիդերների հանդիպան ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Նա հիշեցրեց, որ մինչ այսօր ոլորտի համակարգմամբ զբաղվում էր միայն նախարարի խորհրդական Վահե Դանիելյան:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը կզբաղվի աջակցման ծրագրերով, մասնավորապես` Համաշխարհային բանկի, այլ դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության խնդիրներով: Նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանը կզբաղվի օպերատիվ խնդիրներով: Միաժամանակ` պահպանվում է նախարարի ՏՏ ոլորտի գծով խորհրդականի հաստիքը:
Տ. Դավթյանը ՏՏ ոլորտի ղեկավարներին ասաց, որ միայն ՏՏ ոլորտն ու զբոսաշրջությունն է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ունեն առանձնացված վարչություններ:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշեց, որ տեղեկատվական, հեռահաղորդակցման տեխնոլոգիաների եւ ինովացիոն ոլորտների կառավարման համակարգում առկա են մի շարք բացեր: Մասնավորապես` կան հարցեր, երբ հայտնի չէ, թե ում պետք է դիմեն ոլորտի ներկայացուցիչները: Կամ` ՀՀ նախագահի կամ վարչապետի ոչ բոլոր հանձնարարականներն են ի կատար ածվում, ու չկա պատասխանատու մարմին, ինչպես ռազմարդյունաբերական ոլորտի վերաբերյալ հանձնարարականի հետ եղավ: Բացի այդ` ՏՏ ոլորտի կառավարման համակարգը ստեղծվել է 2000 թ., երբ ոլորտը դեռ նոր էր զարգանում, իսկ ներկայում ոլորտը աճել է եւ շարունակոմ է աճել արագ տեմպերով: Կ. Վարդանյանը նշեց, որ հենց այս նկատառումներով է ի հայտ եկել ՏՏ նախարարություն ստեղծելու առաջարկությունը: Ենթադրվում էր, որ այդ նախարարությանը կմիավորվեն տրանսպորտի եւ կապի նախարարության հեռահաղորդակցության պատասխանատու ստորաբաժանումը, կրթության եւ գիտության նախարարության գիտության կոմիտեն եւ այլն:
Սակայն Տ. Դավթյանը հայտարարեց, որ միանշանակ դեմ է նոր նախարարության ստեղծմանը: Նրա խոսքով` նախարարություն ստեղծել-փակելը ծանր եւ լուրջ գործընթաց է, սովորաբար նախարարությունները ձեւավորվում են տարիների ընթացքում, ու դա թանկ հաճույք է, պահանջում է նոր շենք, աշխատակազմ: «Պետությունն այդքան հնարավորություն չունի»,- ասաց Տ. Դավթյանը: Բացի այդ` կա նաեւ էթիկայի խնդիր` Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված է, թե ով է իրավասու ստեղծելու պետական կառավարման մարմիններ, ինչ ընթացակագեր են անհրաժեշտ դրա համար: Այսինքն` դա նաեւ քաղաքական հարց է: Տ. Դավթյանը ընդունեց, որ ՏՏ ոլորտի կառավարման ներկա համակարգը որոշ ճշգրտումների կարիք ունի, սակայն կարող է արդյունավետ իրականացնել ոլորտի կառավարումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս