|
||||
. Եվրոպական պատուհան |
Համմարբերգը կոչ է անում չեղյալ հայտարարել արտակարգ իրավիճակը
"Արտակարգ իրավիճակը պետք է չեղյալ հայտարարվի Հայաստանում, և անկախ, անկողմնակալ ու թափանցիկ հետաքննություն սկսվի՝ պարզաբանելու, թե ինչ է իսկապես տեղի ունեցել Երևանում մարտի 1-ին ոստիկանության և ընդդիմադիր ցուցարարների միջև առճակատման ընթացքում",- ասել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը Հայաստան կատարած եռօրյա այցից հետո: Նա քննարկումներ է ունեցել Նախագահի, Վարչապետի (և նորընտիր Նախագահի), Արտաքին գործոց նախարարի, Արդարադատության նախարարի, Գլխավոր դատախազի և Ոստիկանական ծառայության ղեկավարի հետ։ Նաև հանդիպել է Ազգային ժողովի Նախագահի, քաղաքական, այդ թվում նաև ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ և առանձին հանդիպում ունեցել նախկին Նախագահ և նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Հանձնակատար Համմարբերգն այցելել է ազատազրկման վայրեր և զրուցել վերջերս ձերբակալված անձանց հետ: Բացի այդ, նա այցելել է հիվանդանոցներ և հանդիպել ոստիկանների ու քաղաքացիների, ովքեր վիրավորվել են մարտի 1-ին տեղի ունեցած բռնությունների ընթացքում: Նա նաև հանդիպել է Մարդու իրավունքների պաշտպանին (օմբուդսմենին), դատապաշտպանների, լրատվամիջոցների ու ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներին, օտարերկրյա դիվանագետների և Երևանում միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների ներկայացուցիչներին: "Գրաքննությունը, որը ներմուծվել է արտակարգ իրավիճակի հետ միասին, նպաստել է բնակչության շրջանում կատարվածի շուրջ ասեկոսներին և անհանգստությանը այն ժամանակ, երբ վստահության վերականգնման միջոցառումների խթանման կարիք կար: Այն փաստը, որ որոշ կառավարամետ լրատվամիջոցներ հակված էին պախարակել ընդդիմությանը, մինչ ընդդիմադիր մամուլը չէր շրջանառվում, չի նպաստել կառուցողական մթնոլոտին",- ասել է Թոմաս Համմարբերգը: Նա առաջարկել է, որ չեղյալ հայտարարվեն լրատվամիջոցների և խոսքի ազատության նկատմամբ առկա բոլոր սահմանափակումները: "Յոթ քաղաքացի և մեկ ոստիկան սպանվել են, շատերը վիրավորվել: Անհրաժեշտություն կա պարզաբանել, թե ի՞նչ է կատարվել իրականում և ի՞նչն է հրահրել բռնության պոռթկումը: Երկու կողմերը ներկայացնում են իրադարձությունները շատ տարբեր ձևերով, և շատ կարևոր է, նաև մարդու իրավունքների տեսանկյունից, հիմնական փաստերը հաստատելը: Սա կարելի է անել միայն բազմակողմանի հետաքննության միջոցով, որը անկախ է, անկողմնակալ ու թափանցիկ և արժանահավատ՝ ամբողջ բնակչության ընկալմամբ": "Նման հետաքննությունը նաև պետք է հետապնդի դասեր քաղելու և ապագայում նմանօրինակ իրավիճակների հանգուցալուծման ձևերի մասին առաջարկություններ մշակելու նպատակ: Օրինակ թվում է՝ ակնհայտ է, որ Հայաստանի ոստիկանությանն անհրաժեշտ է ավելի շատ պատրաստվածություն ձեռք բերել զանգվածային անկարգությունների վերահսկման միջոցների ոլորտում. կատարվել են լուրջ սխալներ: Այսպիսի հետաքննության իրականացումը Հայաստանում դյուրին չի լինի ներկա բևեռացված միջավայրում: Միջազգային համայնքը պատրաստակամություն է հայտնել մասնակցություն կամ այլ օժանդակություն ցուցաբերել մարտի 1-ի իրադարձությունների հետաքննությանը՝ փորձառությանը, արհեստավարժությանը և արժանահավատությանը նպաստելու նպատակով: Հանձնակատար Համմարբերգը նաև շեշտել է ձերբակալվածների նկատմամբ ցանկացած անպատշաճ վերաբերմունքի դրսևորում կանխելու անհրաժեշտությունը: Մարտի 1-ին հաջորդել են դեպքեր, երբ ձերբակալվածներն իրենց ընտանիքների անդամների հետ կապվելու կամ փաստաբան ունենալու հետ կապված դժվարություններ են ունեցել: Բացի այդ, նրանց ձերբակալման գրանցումը որոշ դեպքերում չի իրականացվել ներպետական օրենսդրությանը համապատասխան: Հանձնակատարը նաև տեղեկացրել է ձերբակալությունների և մի քանի դեպքերում ոստիկանության բաժանմունք տեղափոխման ընթացքում վատ վերաբերմունքի վերաբերյալ: Նա ողջունում է Գլխավոր դատախազի մարտի 1-ին ցուցարարների և անցորդ քաղաքացիների նկատմամբ ոստիկանական ուժերի կողմից իրականացված բռնության բոլոր գործողությունների ի պաշտոնե հետաքննություն իրականացնելու որոշումը։ Հանձնակատարը ընդգծում է խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման սահմանված երաշխիքների, ինչպես նաև մեղադրվողների ընթացակարգային իրավունքների պաշտպանության ապահովման նկատմամբ հարգանքի բացարձակ կարևորությունը: Հանձնակատարը ողջունել է Նախագահի այն հայտարարությունը, որ մարդու իրավունքների ներկա սահմանափակումներն աստիճանաբար կվերանայվեն և չեղյալ կհայտարարվեն: Նա շեշտել է այժմ արտակարգ իրավիճակին վերջ դնելու կարևորությունը: Եվրոպայի խորհրդի Մամուլի բաժին Ստրասբուրգ,18.03.2008թ. Նույն թեմայով "Նախագահական ընտրությունների արդյունքները չպետք է կասկածի տակ դնել" Ըստ Դմիտրի Մեդվեդեւի՝ ՆԱՏՕ-ի մեջ Վրաստանի եւ Ուկրաինայի մտնելն սպառնում Է Եվրոպային Ջեկ Գեւորգյանն իր թեկնածությունը կառաջադրի Անդրանիկ Մարգարյանի հիշատակին հարգանքի տուրք մատուցվեց Եվրամիությունը կարող Է բոյկոտել Օլիմպիական խաղերը Այլ լուրեր Վիկտոր Դալլաքյանն ներքաղաքական իրավիճակից դուրս գալու լուծումներ է առաջարկում "Միայն մեկ փաստաթուղթ կարող է լուծել ԼՂ խնդիրը" Քննարկվեցին "Պարզեցված հարկի մասին" օրենքում կատարված փոփոխությունները Բեռլուսկոնին Իտալիայի ամենահարուստ քաղաքական գործիչն Է |
|