«Փոխե՛լ պատերազմի ձևաչափը». Դավիթ Շահնազարյան

Մեր զրուցակիցն է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Դավիթ Շահնազարյանը

– Պարոն Շահնազարյան, ապրիլյան բռնկմանն ակտիվ և մի շարք ուշագրավ զարգացումներ հաջորդեցին. ապրիլի 25-ին հրապարակվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցն ամերիկյան «Բլումբերգ» մեդիաընկերությանը, նույն օրը ՀՀ ժամանեց Ֆրանսիայի՝ Եվրոպայի հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրին, նույն օրն ամերիկյան կողմի նախաձեռնությամբ կայացավ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և ՀՀ նախագահի հեռախոսազրույցը, օրեր անց՝ կրկին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ՝ տեղի ունեցավ Քերի-Լավրով հեռախոսազրույց։ Ի՞նչ է կատարվում բանակցային գործընթացի շուրջ՝ ըստ Ձեզ, և ինչպե՞ս եք գնահատում հայկական կողմերի դիրքերը ներկայումս։

– Կառանձնացնեի Սերժ Սարգսյանի՝ «Բլումբերգին» տված հայեցակարգային հարցազրույցը։ Ակնհայտ է, որ ապրիլին սկսված Արցախյան երկրորդ պատերազմն առանց ԼՂՀ մասնակցության բանակցային ձևաչափի ուղղակի արդյունքն է։ Այսինքն՝ 16 տարի ԼՂՀ-ի՝ բանակցային գործընթացից դուրս լինելու արդյունքում՝ ստացանք պատերազմ, քանի որ այս ձևաչափը բխում է բացառապես Ադրբեջանի և նրա գործընկեր Ռուսաստանի շահերից։ Ուշադրություն դարձրեք, թե ինչ գնահատականների արժանացավ Կրեմլին մոտ կանգնած ռուս փորձագետների կողմից ապրիլի 4-ի երեկոյան ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոների անդրադարձը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, որում նա հատուկ ընդգծեց ԼՂ ինքնորոշման իրավունքը։

Ուստի հիմնավորված է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը, որ բանակցային գործընթաց առանց ԼՂՀ-ի, վերադարձ պատերազմի ձևաչափին այլևս լինել չի կարող։ Այս ձևաչափը ոչ միայն չապահովեց որևէ շոշափելի արդյունք, այլև հիմք հանդիսացավ Ադրբեջանի համար՝ ինքնորոշման իրավունքը տարածքների խնդրի ձևախեղելու համար։ ԼՂ-ն բանակցային գործընթացից դուրս մղողները գոնե հիմա՝ այսքան տարիներ անց, հասկանո՞ւմ են՝ ինչ հսկայական չափերի վնաս են հասցրել հայկական կողմերին, և, որ իրենք են դրել Արցախյան երկրորդ պատերազմի հիմքը, վստահ չեմ։

Թե՛ Ռուսաստանի, թե՛ Ադրբեջանի կողմից մերժվեցին շփման գծում հրադադարի կայունացմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահողի նախաձեռնությունները, բայց քանի որ ռուս-ադրբեջանական ծրագրի ռազմական բաղադրիչը՝ ապրիլյան բլից-կրիգը, տապալվեց, Լավրովը ստիպված եղավ խոսել ոչ միայն 1994թ. Զինադադարի պայմանագրի, այլև 1995թ. Զինադադարի ամրապնդման եռակողմ պայմանագրի մասին։ Ի դեպ, վերջին տարիներին մի քանի անգամ մամուլով պնդել եմ՝ ԼՂՀ-ն և ՀՀ-ն պետք է սկսեն 1995թ. պայմանագրի կիրառումը, սա Ադրբեջանը չի ընդունում։ Անհրաժեշտ է օգտվել Ադրբեջանի սխալներից, Ռուսաստանի չարդարացած հույսերից և վերականգնել ԼՂ մասնակցությունը բանակցային գործընթացին՝ որպես հակամարտության կարգավորման լիիրավ կողմ, նորից կյանք տալ 1994թ. ԵԱՀԿ-ի Բուդապեշտի գագաթաժողովի բանաձևին, 1994թ. ԵԱՀԿ Պրահայի փաստաթղթին, 1994թ. և 1995թ. պայմանագրերին, որոնք Ադրբեջանը՝ Ռուսաստանի հետ միասին, ցանկանում է մոռացության մատնել։

Միջնորդ երկրներն ի վիճակի չեն ապահովել անվտանգություն, ավելին՝ եռանախագահողներից մեկն ուղղակի համագործակցում է Ադրբեջանի հետ, մինչդեռ ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում Ղարաբաղի անվտանգությունը կարող է ապահովվել բացառապես ԼՂՀ անկախության ճանաչումը միջազգային հանրության և առաջին հերթին՝ Ադրբեջանի կողմից։ Եվ միայն դրանից հետո ԼՂՀ-ի հետ Ադրբեջանը կարող է բանակցել իրեն հետաքրքրող հարցերի շուրջ։

– Սերժ Սարգսյանը, ինչպես` Երևանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը, այնպես էլ՝ «Բլումբերգին» տված հարցազրույցում նշել էր այս փուլում բանակցությունների անթույլատրելիության մասին, այնուհետև ներկայացրել այն երեք պայմանները, որոնց ապահովման դեպքում միայն ՀՀ-ն կմտնի բանակցային գործընթացի մեջ։ Սրանք բավարա՞ր են այս փուլում։

– Ըստ էության, նախորդ պատասխանում խոսեցի այդ պայմանների մասին։ Ներկայումս ընթանում են բանակցություններ բանակցությունների վերաբերյալ։ Պետք է հստակ հասկանալ, որ սա այլևս այն հակամարտությունը չէ, որը կար ապրիլի 1-ին, ապրիլի 2-ից սա լիովին այլ հակամարտություն է, որը Հայաստանին թելադրում է բոլորովին նոր գործողություններ, համակարգային փոփոխություններ բոլոր ասպարեզներում՝ դիվանագիտություն, ներքին և արտաքին քաղաքականություն, աշխարհաքաղաքական կողմնորոշում։ Ներկայումս արդեն բոլորի, այդ թվում՝ իշխանության բազմաթիվ ներկայացուցիչների համար ակնհայտ է, որ կոռուպցիան մեծագույն սպառնալիք է ՀՀ-ի և ԼՂՀ-ի համար, խոսքը նաև ռազմական ոլորտում կոռուպցիայի առկայության մասին է, որովհետև ապրիլին ստեղծված իրավիճակը բացահայտեց այն բոլոր թերությունները, որոնք գոյություն ունեն ռազմական ոլորտում։ Բայց եկեք նաև հասկանանք, որ որևէ պետություն աշխարհում միայն բանակով անվտանգություն չի ապահովում։

Անվտանգությունն առաջին հերթին՝ արտաքին քաղաքականությունն է, և, ինչպես նշեցի՝ աշխարհաքաղաքական կողմնորոշումը։ Մեզ փորձում են նույնիսկ հանդիմանել, թե բանակցությունները, կամ, ավելի ճիշտ՝ հանդիպումներն ընդհատվել են, այո ընդհատվել են, բայց հենց այս՝ «պատերազմի ձևաչափի» հետևանքով։

Սա է պատճառը, որ եռանախագահողները նույնիսկ գնահատական չեն տալիս, թե ով է նախաձեռնել այս հարձակումը։ Այնքան էլ հիմնավոր չեն այն պնդումները, թե այս հարցի դիտարկումը նրանց լիազորությունների մեջ չէ։ Ասեմ ավելին, որ 1993թ. միջնորդները տվել են հասցեական գնահատականներ։ Համաձայն ՄԱԿ ԱԽ-ի չորս բանաձևերի, Ղարաբաղի անվտանգության գոտի հանդիսացող տարածքների պատասխանատուն ԼՂ-ն է, Հայաստանն այս հարցերում որևէ լիազորություն չունի։

Բանաձևերի պահանջներից, որոնք ուղղված են Ադրբեջանին և Լեռնային Ղարաբաղին, Ալիևը միայն մեկն է հիշում, այն էլ՝ ոչ ամբողջությամբ։ ՄԱԿ ԱԽ-ի չորս բանաձևերում Հայաստանին վերաբերող միայն մեկ կետ կա, որ Հայաստանը պետք է օգտագործի իր ազդեցությունը ԼՂ իշխանությունների նկատմամբ։ Ի վերջո, պետք է վերադառնալ 1990-ականներին իրեն արդարացրած բանաձևին, որոշողը ԼՂՀ-ն է, և Հայաստանը նախապես համաձայն է Ադրբեջան-ԼՂՀ բոլոր համաձայնություններին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում։

Մեջբերեցիք Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով պետքարտուղարի այցը Երևան, այդ առնչությամբ ցանկանում եմ ասել, որ այն ուղերձները, որոնք հասնում են Փարիզից և Վաշինգտոնից դիվանագիտական լեզվով՝ հենց ԼՂ մասնակցության անհրաժեշտության մասին են ընդգծում, մինչդեռ Ռուսաստանից այլ ուղերձներ են գալիս։ Այս ձևաչափով բանակցությունները շարունակելը նշանակում է՝ գնալ և քննարկել Լավրովի պլանը, որը ՀՀ ղեկավարությունն արդեն մերժել է։

ԼՂ մասնակցությամբ բանակցային գործընթաց վերսկսելու համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է կոչով դիմեն ԼՂ հակամարտության բոլոր երեք կողմերին՝ պաշտոնապես վերահաստատել 1994թ. Զինադադարի և 1995թ. Զինադադարի ամրապնդման եռակողմ պայմանագրերից բխող իրենց բոլոր պարտավորությունների կատարման պատրաստակամությունը։ Առաջին հերթին՝ սա պետք է արվի, և արդյունավետ կլինի, եթե այս կոչն արվի համանախագահող երկրների նախագահների մակարդակով։ Սա այն է, ինչի մասին, ըստ էության, Երևանում խոսեց Լավրովը, և պաշտոնական Երևանը կարող է սա հուշել համանախագահող երկրներին։

– Այսինքն՝ այս փուլում հայկական կողմը ճի՞շտ ճանապարհով է գնում։

– Կցանկանայի, որ ավելի մեծ ակտիվություն լիներ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը շատ ավելի մեծ ինքնուրույնություն ցուցաբերեր։ Պարզ օրինակով նշեմ՝ բոլոր այն նորությունները, որոնք տարածվում են ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ պետք է տարածվեն Ստեփանակերտից, ոչ թե՝ Երևանից։ Հայաստանի ՊՆ-ն կա՛մ կարող է հղում տալ Պաշտպանության բանակին, կա՛մ ներկայացնել իրավիճակը միայն Հայաստան-Ադրբեջան սահմանին։ Նույնկերպ, քաղաքական-դիվանագիտական ոլորտում, ակնկալում եմ Ստեփանակերտի իշխանությունների շատ ավելի մեծ ակտիվությունը։ Ուշադրություն դարձրեք այն հանգամանքի վրա, թե որքան արդյունավետ էր, երբ Ստեփանակերտում սկսեց գործել մամուլի կենտրոնը, միջազգային մամուլի ուշադրությունը կենտրոնացել էր ԼՂՀ-ի վրա։

Պետք է գիտակցել, որ այն, ինչ արվել է մինչ ապրիլի 2-ը, պետք է արմատապես փոխել, պետք է վերացվեն բոլոր արատավոր երևույթները ու գործելակերպը, որոնք այլևս սպառնալիք են ոչ միայն` ԼՂՀ-ին, ՀՀ-ին, այլև՝ հենց ՀՀ իշխանություններին։

– Օրերս Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը կրկին հիշեց այդ պլանի մասին՝ նշելով, որ Մոսկվան կողմերին ԼՂ հակամարտության կարգավորման փուլային տարբերակ է առաջարկում, որին Ադրբեջանը դեմ չէ, այնինչ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստան որևէ ռուսական փաթեթ չի բերվել։ Այնուամենայնիվ տպավորություն կա, որ ամերիկյան կողմն իր նախաձեռնություններով (խոսքը Քերի-Լավրով, Քերի-Սարգսյան հեռախոսազրույցների մասին է) փորձում է վերահսկողության տակ պահել Ռուսաստանին, իսկ Հայաստանն առաջ է մղում իր բանակցային դիրքերը, որոնք չեզոքացնում են այդ ծրագրերը։ Ձեր կարծիքով՝ «Լավրովի պլան» կոչվածը չեզոքացված չէ՞։

– Առայժմ ռազմական իմաստով ռուս-ադրբեջանական ծրագիրը, որի էությունն ապրիլի 2-ին ադրբեջանական հարձակման արդյունքում 2-3 շրջանի գրավումն ու Ռուսաստանի հովանու ներքո բանակցությունների մեկնարկն էր ու «Լավրովի պլան» կոչվածի առաջադրումը, չեզոքացված է՝ շնորհիվ առաջնագծում կանգնած մեր զինվորների ու սպաների, բայց, կարծես թե, Ռուսաստանն ու Ադրբեջանը, այնուամենայնիվ, շարունակում են առաջ մղել այդ ծրագիրը, ու շատ հավանական է, որ երկրորդ փորձն արվի, քանի որ, դատելով Բաքվից և Մոսկվայից ստացվող հայտարարություններից, Լավրովի ծրագիրը դեռևս ուժի մեջ է։ Դա պետք է չեզոքացնել բազմակողմանի և հետևողական ջանքերով։
Հիշեցնեմ, որ Սերժ Սարգսյանը «Բլումբերգին» տված հարցազրույցում ասել էր, որ խաղաղապահների հարց եղել է։ Դա Լավրովի պլանի մեխն է, որը ենթադրում էր մի շարք շրջանների վերադարձ Ադրբեջանին, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ամրագրում և ռուսական զորքերի տեղակայում ԼՂ հակամարտության գոտում՝ խաղաղապահների անվան տակ, որը Հայաստանը մերժել է։ Սակայն այն կրկին առաջ կմղվի, և, եթե բանակցային ձևաչափը չվերականգնվի նշածս ձևաչափով, բացի դրանից, Ռուսաստանը բանակցային գործընթացում չպետք է առաջատարի դեր ունենա, որովհետև Ռուսաստանը, ոչ միայն Ադրբեջանին զինելով, այլև իր քաղաքականությամբ է հասցրել ներկայիս վիճակին։

– Անվտանգության նկատառումներից ելնելով՝ խոսեցիք միջազգային հանրության և առաջին հերթին՝ Ադրբեջանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման անհրաժեշտության մասին։ Այս օրերին կրկին ակտիվացել են կոչերը Հայաստանի կողմից՝ ԼՂՀ անկախության ճանաչման մասին։ Կա՞ արդյոք նման անհրաժեշտություն։

– Եթե մենք ձգտում ենք ոչ միայն` ՀՀ-ի կողմից, այլև՝ միջազգային ճանաչման, ապա, դեռևս տարիներ առաջ նշել եմ, որ մեկ մեխանիզմ կա, դա Կոսովոյի ճանապարհն է։ Այնպիսի պետություններ, ինչպիսին Ռուսաստանն ու Թուրքիան են, ևս միակողմանի ճանաչումների ճանապարհով են գնացել, առաջինը ճանաչել է Հարավային Օսեթիան ու Աբխազիան, մյուսը՝ Հյուսիսային Կիպրոսը, արդյունքները երկուսի դեպքում էլ՝ ոչինչ է։ Եկեք չփորձենք ԼՂ անվտանգության հետ կապված հարցերը դարձնել ներքաղաքական պայքարի բաղադրիչ։ Միակողմանի ճանաչումը ոչ միայն որևէ օգուտ չի տա, այլև կբերի մեզ համար խիստ վնասաբեր և անշրջելի գործընթացների և հետևանքների, ու պարզապես մեծ նվեր կլինի Ադրբեջանին։

Հսկայական գործ ունեն անելու մեր սփյուռքի կազմակերպությունները։ Բազմիցս նշել եմ, որ ԱՄՆ հայկական լոբբիստական կազմակերպությունները պետք է ձևավորեն կոնգրեսականների խմբեր, մի խումբը պետք է աշխատի ԼՂՀ միջազգային ճանաչման նպատակով, մյուսը՝ 907 բանաձևի ապասառեցման ուղղությամբ։

Գուցե անիրատեսական թվա, բայց 1992թ. ևս անիրատեսական էր թվում, որ ԼՂ-ն կդառնա բանակցությունների և կարգավորման գործընթացի լիիրավ կողմ։ Պետք է դնել այդ նպատակը և հասնել դրան։ Պետք է հասկանանք, որ գործ ունենք Ռուսաստանի հետ, որը թաքնված է Ադրբեջանի ետևում, դա ավելի ու ավելի բացահայտ է դառնում։ Իսկ եթե Ռուսաստանը պաշտոնապես չի հայտարարում, որ դադարում է սպառազինել Բաքվին, ապա այստեղ առաջանում է ոչ միայն Ռուսաստանի՝ միջնորդ լինելու արդյունավետության, այլև՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության նպատակահարմարության հարցը։ Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միությանը, ապա օր առաջ անհրաժեշտ է սկսել այդ կառույցից Հայաստանի դուրս գալու գործընթացը։

– Պարզվում է նաև, որ 2016թ. ապրիլի դրությամբ հայկական կողմը Ռուսաստանից 200 միլիոն վարկի պայմանագրով ոչ զենք, ոչ էլ ռազմական նշանակության այլ ապրանք չի ստացել, ու մատակարարումները ձգձգվում են, որի համար էլ, ենթադրաբար, Սեյրան Օհանյանը մեկնել էր Մոսկվա։ Սա ինչո՞վ եք բացատրում։

– Ռուսաստանը դիտավորյալ այդ վարկի տրամադրումը ձգձգել էր, որպեսզի Ռուսաստան-Ադրբեջան ռազմաքաղաքական նպատակներն առավել հեշտությամբ իրագործվեին։ Ընդ որում, 200 միլիոնը չի կարող համեմատվել Ռուսաստան-Ադրբեջան սպառազինության գործարքների ծավալների հետ։ Հիմա սկսվել է այդ սպառազինությունների մատակարարումը Հայաստանին, բայց միաժամանակ Ռուսաստանը շարունակում է սպառազինությունների մատակարարումն Ադրբեջանին, մասնավորապես այս օրերին Բաքուն Մոսկվայից ստանում է «Վենա» տիպի 120 մմ ինքնագնաց հրանոթներ և արդիական էլեկտրոնային համակարգերով կատարելագործված БТР-82А զրահամեքենաներ։

Տեսանյութեր

Լրահոս