Բաժիններ՝

«Հենց բանակը լռում է, սկսում են խոսել ուրիշները»

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ թեև քառօրյա պատերազմում լրատվամիջոցները լավ աշխատեցին, նույնիսկ սոցցանցերում օգտատերերն իրենց զուսպ պահեցին, բայց ըստ նրա՝ լարվածությունը երբ թուլանում է, զգոնությունն էլ է թուլանում.

«Մեր տեղեկատվական դաշտում ահռելի քանակով չլրատվամիջոցներ կան, այսինքն՝ դրանք կայքեր են, որոնք լրատվամիջոցների տիպի անուններ ունեն՝ հրատապ լուրեր, վերջին լուրեր, թարմ լուրեր և այլն, իրականում դրանք հարթակներ են, որոնք աշխատում են գովազդ «ֆռռացնելու» համար: Բայց մարդիկ չեն տարբերում դրանք նորմալ լրատվամիջոցներից, թեև անզեն աչքով էլ է երևում է, որ դրանք տարբեր են: Եթե դու մտնում ես կայք, որը քաղքենու «սերվանտ» է հիշեցնում, այսինքն՝ ամբողջը գովազդ է, իսկ մեջտեղում մի հատ պզուկի չափ նորություն է դրված, արդեն նշանակում է, որ չպետք է նման կայքից օգտվել: Եթե գրված է՝ «շտապ տարածել, քանի չեն ջնջել», ուրեմն ուղղակի պետք է դրա կողքով անցնել, այլ ոչ թե կարդալ կամ տարածել»:

Ս. Մարտիրոսյանն ընդգծեց՝ հենց բանակը լռում է, սկսում են խոսել ուրիշները, դրա համար կարծում է՝ բանակն անընդհատ պետք է խոսի, որ տեղեկատվական դատարկությունը չլրացվի ասեկոսեներով:

«Խնդիր է նաև այն, որ մենք արտասահմանյան մամուլի հետ աշխատում ենք շատ իմպուլսիվ: Հիմա, փաստացի, դեպի դուրս հոսքեր շատ քիչ են գնում: Մեզ մոտ այդ դրվածքը չկա դրսի լրագրողների հետ անընդհատ աշխատելու: Իսկ, օրինակ՝ Ադրբեջանում լրիվ այլ մարտավարություն են ընտրել: Զոհի դերում են փորձում լինել, դրսից լրատվամիջոցներ են բերում ու ցույց տալիս ավերված գյուղերը՝ ասելով, թե իբր հայկական կողմն է դրանք ավերել»,- նշեց նա՝ հավելելով, որ իրենց զոհ ներկայացնելու մարտավարությանը հաջորդեց հաղթանակի մասին տեղեկատվության հոսքը, թե գրավել են Ֆիզուլին, Ջաբրաիլը և հյուսիսում էլի մեծ տարածքներ. «Հիմա նրանք մի քիչ վիճակը փոխում են, փոխհրաձգությունները բերել են նրան, որ սահմանային գյուղերում խուճապային վիճակ է: Հիմա էլ տանում են գիծն այն ուղղությամբ, թե հայերն ագրեսոր են, ռմբակոծում են»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս