Գոհություն Քեզ, մեղքերի Լուծարի՛չ: «Ամենայն հոգի ակնկալությամբ, հույսով Քեզ է սպասում՝ կարոտ Քո շնորհներին՝ թե՛ երկնայինները և թե՛ երկրավորները, թե՛ մեղքերով ընկածը և թե՛ արդարությամբ բարձրացածը, թե՛ տերը և թե՛ ծառան, թե՛ տիկինը և թե՛ աղախինը, և Քո ձեռքին է բոլորի կենդանության շունչը: Եվ Քեզ Հոր և Սուրբ Հոգուդ հետ փա՜ռք հավիտյանս հավիտենից. Ամեն» (սբ. Գր. Նարեկացի, «Մատյան ողբերգության», ԲԱՆ ՁԲ Է):
Սուրբ Իսահակ Ասորին ասում է՝ երբ մեղքի մեջ եք ընկնում, պետք չէ տխրել, քանի որ հաճախ ընկնում են նաև կատարյալները: Սակայն պետք է տխրել այն դեպքում, երբ չապաշխարելով՝ մարդը քարանում է մեղքի մեջ: Իսկ անկման մեջ քարանալը կատարյալ մահ է: Արդ, եթե վճռել եք, որ հրաժարվում եք մեղքից, հետ եք դառնում դրանից և Քրիստոսին եք տալիս ամեն ինչ, ուրեմն դուք արել եք հաջորդ քայլը Աստծու հետ հաշտության և խաղաղության ճանապարհին: