Յոթ մահացու մեղքերը չգործելու համար պետք է նախանձախնդիր լինել դրանց ճիշտ հակառակ առաքինությունները գործելուն, քանզի յուրաքանչյուր մահացու մեղքի դիմաց կա դրան հակադիր առաքինությունը` հպարտության դեմ` խոնարհությունը, նախանձի դեմ` եղբայրասիրությունը, բարկության դեմ` հեզությունը, ծուլության դեմ` աշխատասիրությունը, ագահության դեմ` ողորմածությունը, որկրամոլության դեմ` ժուժկալությունը, բղջախոհություն դեմ` ողջախոհությունը:
Ոչ ոք զերծ չէ փորձությունից` անկախ տարիքից և սեռից: Պողոս առաքյալն ասում է, որ Աստված փորձության հետ մեկտեղ փրկության ելք էլ է ցույց տալիս (Ա Կորնթ. 10.13): Հետևաբար, փորձությունը գալիս է ինչ-որ ժամանակահատվածով, այն մշտական չի մնում և յուրաքանչյուր փորձության համար Աստծո կողմից տրվում են համապատասխան օգնություն ու զորակցություն: Փորձությունը բարիք է դառնում այն հաղթահարելուց հետո այս կյանքի համար, ինչպես նաև հավիտենական կյանքի համար:
Այն պատճառով եմ հաճախակի խոսում ապաշխարության մասին, որպեսզի ո՛չ մեղավորը հուսահատվի, ո՛չ էլ արդարը` մեծամտանա: Մի՛ անկանիր: Մեղավո՞ր ես: Մի՛ հուսահատվիր: Եթե ամեն օր մեղք ես գործում, ամեն օր զղջա: Նման այն խարխուլ տներին, որոնք փտում են, և մենք հեռացնում ենք փտած մասերը և նորերով փոխարինում և երբեք այդ կարգի հոգսերը չենք անտեսում, ճիշտ այդպես և դու վարվիր. թե խարխլվել ես մեղքերից, նորոգիր քեզ ապաշխարությամբ: