Դրոշմը պարզապես Ս. Հոգու որդեգրության կնիքն է և հավատացյալի հոգեգալուստը, ուստիև դրոշմել բառի տեղ սովորաբար գործ է ածվում «կնքել», ինչպես հիշվում է նաև առաքյալի խոսքերի մեջ: Ս. Հոգու ներգործությունը կամ դրոշմի ս. խորհուրդը գեղեցկապես նմանեցրած է հրո հատկության, որով տարբերվում է Քրիստոսի մկրտությունը ապաշխարական մկրտությունից[1]: Հուրը առհասարակ մաքրող ու փորձող է, ըստ որում, այրում է ժանգը և մաքրում, իսկ եթե այրվողի մեջ որևիցե իսկություն կամ զտություն չկա, ոչնչացնում է և նորան[2]: Հետևաբար Ս. Հոգու ներգործության այդ համեմատությունը շատ արտահայտիչ է: