Բաժիններ՝

Նոր Գեղիում ավազակային հարձակման մանրամասները. հաղորդալարերով և պլաստմասե կապիչներով կապել են բնակչին

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Նոր Գեղի գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝ 2018թ. օգոստոսի 23-ի ժամը 23:30-ից մինչև օգոստոսի 24-ի ժամը 00:20 ընկած ժամանակահատվածում դիմակավորված երկու անձ մուտք են գործել Նոր Գեղիի բնակիչներից մեկի տուն, դանակի գործադրմամբ կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել են գումար և թանկարժեք իրեր։ Այնուհետև հաղորդալարերով և պլաստմասե կապիչներով կապել են բնակչին և, հափշտակելով առկա կանխիկ գումար և ոչ թանկարժեք քարեր, դիմել են փախուստի։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ ավազակություն։

Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս