«Դա խոսում է հասարակության ոչ այնքան սթափ վիճակի մասին». Լարիսա Ալավերդյան
«Այդ տեսության հետ ես ոչ մի ընդհանուր եզր չունեմ, Հայաստանն այն երկիրը չէ, որ քաղաքական գործիչները երկվորյակներ պահեն։ Դա խոսում է հասարակության ոչ այնքան սթափ վիճակի մասին, արդեն փորձում են անցնել չգիտեմ՝ որ դարեր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով այն կարծիքներին, թե Ռոբերտ Քոչարյանի նմանակն է նրա փոխարեն ներկայացել ՀՔԾ։
Լարիսա Ալավերդյանն ամբողջովին համաձայն է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բերած փաստարկների հետ. «Երբ Ռուբեն Սահակյանը գրել է, որ երբևիցե չի հանդիպել նման կոպիտ խախտումներ, դուք երիտասարդ եք և չգիտեք, թե դա ինչ է նշանակում։ Ռուբեն Սահակյանը պաշտպան է եղել սումգայիթյան տուժածների գործով, և երբ ես ընթերցեցի դա, ավելի շատ տպավորվեցի, որովհետև հասկանում եմ, որ իր պրակտիկան ներառում է ոչ միայն հայաստանյան, այլև սովետական ժամանակաշրջանում այդ ծանրագույն գործը, որտեղ նա և Ռուբեն Ռշտունին փայլուն ձևով են հանդես եկել»։
Նրա խոսքով՝ Հայկ Ալումյանի ձևակերպումներն էլ ամբողջական են. «Ունենալով իր անբիծ պատմությունը՝ թույլ է տվել իրեն բավականին պարզ արտահայտվել այդ հարցում։ Իր ասածի մեջ կա մի բան, որին բոլոր լրագրողները պետք է նշանակություն տան. նա ասում է, որ հետամնացություն է, երբ դատապաշտպանին նույնացնում են մեղադրյալի հետ։ Այդ ձևերը օր առաջ պետք է հաղթահարվեն, գործն ընթանա անբիծ ձևով, որը կբարձրացնի իշխանությունների պատիվը, մեր իրավիճակը կփոխի։ Այսպիսի գործառույթներով իրավիճակը չի փոխվելու. ժամանակին վախվորած դատավորները հիմա շատ ավելի կվախենան և որևէ ձևով չեն փոխվի»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում