«Փյունիկին» պատմական հաղթանակից բաժանում է մեկ քայլ
Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում այսօր՝ 20:00-ին, տեղի կունենա «Փյունիկ»-«Տոբոլ» հանդիպումը: Երևանյան ակումբը 2:1 հաշվով պարտվել է մրցակցի հարկի տակ, սակայն դրսում խփած գնդակի շնորհիվ հաջորդ փուլ դուրս գալու շատ մեծ հնարավորություն ունի:
Երևանյան ակումբի մարզիչները, ֆուտբոլիստներն ու սեփականատեր Արթուր Սողոմոնյանը կոչ են արել այսօր մարզադաշտից աջակցել հայկական ակումբին, քանի որ պատմության մեջ առաջին անգամ հայկական ակումբը կարող է դուրս գալ որակավորման 3-րդ փուլ: Հայաստանում է նաև հայտնի մարզական լրագրող Նոբել Առուստամյանը: Նա նշել է, որ եկել է Հայաստան՝ «Փյունիկին» աջակցելու համար, և երկրպագուներին կոչ է արել լինել մարզադաշտում:
Հայկական ակումբի գլխավոր մարիզչ Անդրեյ Տալալաևի խոսքով՝ իրենք ունեն 90 րոպե ժամանակ, և այդ 90 րոպեներին շանսերը լինելու են 50/50:
«Մենք ունենք այդ 90 րոպեները, և նաև եվրագավաթներում կա լրացուցիչ ժամանակ և 11-մետրանոց։ Այնպես որ, քանի դեռ չի հնչել եզրափակիչ սուլիչը, շանսերը 50/50 են»։
Գլխավոր մարզչի կարծիքով՝ հայկական թիմը նախորդ հանդիպումը վատ չանցկացրեց:
«Մենք լավ խաղացինք պաշտպանությունում: Հարձակման գծում կային խնդիրներ, եղան անհատական սխալներ: Բայց դա նորմալ է, անգամ համակարգչով խաղալիս են լինում սխալներ: Այս խաղում փորձելու ենք ուղղել սխալները»:
Երևանյան ակումբը կազմի հետ որոշ խնդիրներ ունի: Օրինակ՝ Կառլեն Մկրտչյանը չի մարզվում թիմի հետ, սակայն թիմի գլխավոր մարզչի խոսքով՝ նրա հետ ամեն ինչ կարգին է: Անդրեյ Տալալաևը չի բացում հիմնական կազմի մասին գաղտնիքները՝ նշելով, որ խաղաժամանակ կստանան նրանք, ովքեր տպավորում են մարզումների ընթացքում:
«Մենք պետք է ֆուտբոլիստների մոտ մտածողություն փոխենք: Նրանք խաղից խաղ պետք է կատարելագործվեն:
Ես գիտեմ, որ հայկական ֆուտբոլում կարող է պատմական հանդիպում լինել: Ես ոգևորում եմ ֆուտբոլիստներին: Մեր խաղը կարող է երկրպագուներին խաղադաշտ բերել»։
«Տոբոլի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Նիկիտենկոն էլ նշում է, որ խաղը շատ բարդ է լինելու, բայց, միևնույն ժամանակ, շատ հետաքրքիր:
Խոսելով հայկական ակումբի մասին՝ Նիկիտենկոն նշում է, որ թիմն ունի սեփական ձեռագիր և որակյալ ֆուտբոլ է խաղում:
Նիկիտենկոն նշում է, որ նախկինում աշխատել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների հետ: Խոսքը Մարկոս Պիզելիի և Գևորգ Ղազարյանի մասին է: Ըստ ղազախական ակումբի գլխավոր մարզչի՝ չնայած տարիքին, Մարկոս Պիզելին միշտ աշխատում և կատարելագործվում է:
Հանդիպման մասին խոսելիս Նիկիտենկոն նշում է, որ հայկական ակումբը լավ հնարավորություն ունի:
«Մեր հնարավորությունները հավասար են: Փորձելու ենք հաղթել և այնուհետև մտածել Ղազախստանի առաջնության խաղերի մասին»:
Հիշեցնենք, որ խաղը տեղի կունենա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Մուտքն ազատ է:
Սիրարփի Աղաբաբյան