ԵԱՏՄ-ից հատուկ զգուշացրել են՝ Արարատ Միրզոյանին չտանել

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Վաղը մեկնում եմ Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին (վարչապետների ֆորմատ):

Ինչպես հայտնի է, սահմանադրական փոփոխություններից հետո ձեռք բերած կարգավիճակի բերումով Հայաստանի վարչապետը ներգրավված է ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդում՝ երկրների ղեկավարների ֆորմատում, և այս հարցը լուծված է նաև դե յուրե, այսինքն՝ այստեղ Հայաստանը շարունակելու է ներկայացնել վարչապետը:

Բայց ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի աշխատանքի իրավական կարգավորումները դեռևս չեն համապատասխանեցվել ՀՀ Սահմանադրության նոր տեքստին. և վարչապետների խորհրդի նիստին իմ չմասնակցելու պարագայում որոշումներ չէին կարող ընդունվել, և ֆորմատը կաթվածահար կլիներ:

Քանի որ դեռևս Թավշյա հեղափոխության օրերին հայտարարել եմ, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար անելը մեր նպատակը չէ, ընդհակառակը՝ պիտի ամեն ինչ անենք այդ կազմակերպությանը մեր երկրի անդամակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար, կայացրել եմ Սանկտ Պետերբուրգ մեկնելու որոշում»:

Կարդացեք նաև

Նախկինում, ինչպես հայտնի է, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին մասնակցում էին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ իրենց գլխավորած պատվիրակության հետ միասին։ Սովորաբար մինչ նիստի սկսվելը ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները միասին լուսանկարվում են, տեղի են ունենում  Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով, ապա՝ ընդլայնված կազմով նիստերը:

168.am-ի տեղեկություններով՝ ԵԱՏՄ-ից և հատկապես՝ ռուսական կողմից հատուկ զգուշացվել է ՀՀ կառավարությանը՝  առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին Սանկտ Պետերբուրգում կայանալիք նիստին որևէ դեպքում մասնակից չդարձնել և պատվիրակության մեջ չընդգրկել։ Նրանք այդ պահանջը ներկայացրել են հատկապես առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի՝ Դուշանբեում  ԱՊՀ երկրների կառավարության ղեկավարների նիստին խայտառակ մասնակցությունից հետո։ Թերևս նաև դա էր պատճառը, որ երեկ կառավարության նիստի ընթացքում հրապարակվեց կառավարության հուլիսի 25-ի որոշումը պատվիրակության կազմի մասին։

Հիշեցնենք, որ Ա. Միրզոյանի այդ այցը Հայաստանում էլ լուրջ քննարկումների առիթ դարձավ, հատկապես այն բանից հետո, երբ պարզվեց, որ վերջինս «առաջին բորտով»՝ վարչապետի (անցյալում՝ նախագահի) ինքնաթիռով էր մեկնել Դուշանբե՝ մասնակցելու ԱՊՀ երկրների կառավարության ղեկավարների նիստին։  Մինչ օրս էլ հայտնի չդարձավ, թե Հայաստանի համար հրատապ ինչ հարցեր էին լուծելու պատվիրակության այդչափ մեծ կազմով՝ նախարարներով ու կառավարության այլ ներկայացուցիչներով, նիստի ընթացքում։ Այդ թռիչքը ՀՀ բյուջեից 20 միլիոն դրամից ավելի ծախեր պահանջեց։

Տեսանյութեր

Լրահոս