Բաժիններ՝

ԱԻՆ-ը շարունակում է համագործակցությունը ԵՄ պատվիրակության հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափով

Հուլիսի 24-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկուն։ Հանդիպման նպատակն էր քննարկել ԵՄ և ԱԻՆ ընթացիկ համագործակցությունը և համատեղ ձեռքբերումները աղետների ռիսկի կառավարման ոլորտում, նախանշել հետագա համագործակցության նոր հնարավորությունները։

Ողջունելով հյուրերին՝ ԱԻ նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին սույն թվականի հունիսի 26-ից 27-ը Հայաստանում տեղի ունեցած՝ ԱՌՆ Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի տարածաշրջանային պլատֆորմին մասնակցության համար։ «Այս հանգամանքը հերթական անգամ ընդգծում է, որ Հայաստանում կայուն զարգացման ամրապնդմանն ուղղված ԵՄ կողմից իրականացվող քաղաքականություններում կարևորվում է աղետների ռիսկի նվազեցումը, քանի որ առանց աղետների ռիսկի նվազեցման չի կարող լինել կայուն զարգացում», – իր խոսքում ընդգծել է նախարար Ռոստոմյանը։

Շնորհավորելով Հրաչյա Ռոստոմյանին Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնի ստանձման կապակցությամբ՝ ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին հույս է հայտնել, որ ԱԻ նախարարության և Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության ծրագրերը շարունակական կլինեն:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո բնական և մարդածին աղետների ռիսկի նվազեցման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտում համագործակցության խորացման և ընդլայնման ուղղություններով մի շարք հարցեր։ Համաձայնագրի շրջանակներում արդեն սկսվել է համատեղ Թվինինգ ծրագրի իրականացման գործընթաց, աշխատանքներ են տարվում ԵՄ փորձագիտական գնահատման խմբի հետ։ Կողմերը քննարկել են նաև ԵՄ ՔԿՌՄ (քիմիական, կենսաբանական, ռադիոլոգիական և միջուկային) հարցերով գերազանցության կենտրոնների հետ համագործակցությանը, «Ժողովրդավարություն, արդյունավետ կառավարում և կայունություն» պլատֆորմի շրջանակներում գործող Անվտանգության, ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության և քաղաքացիական պաշտպանության հարցերով աշխատանքային խմբի ձևաչափին առնչվող հարցեր։

Հանդիպման ավարտին նախարար Ռոստոմյանը դեսպանին տեղեկացրել է նաև Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների անցկացման մասին, ինչպես նաև նշել, որ ԱԻՆ-ը շարունակում է համագործակցել 2018 թ. նախատեսվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքների շրջանակում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս