Անգելա Մերկելի հայաստանյան այցի փոփոխված օրակարգը
«Կարծում եմ, որ Մերկելի հանդիպումները Հայաստանում կլինեն բազմաբնույթ, որպեսզի ՀՀ-ում տիրող իրավիճակի տպավորությունը լինի ամբողջական»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը՝ անդրադառնալով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հնարավոր այցին տարածաշրջան, այդ թվում՝ Հայաստան:
Հիշեցնենք, որ օրերս «168 Ժամը» գրել էր, որ իր դիվանագիտական աղբյուրները հայտնում են, թե օգոստոսին նախատեսվում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Հայաստան:
Այցի առիթն է դեռևս 2017 թվականի Արևելյան գործընկերության Բրյուսելյան գագաթաժողովի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից կանցլերին հղված հրավերը: Հայտնի է նաև, որ Մերկել-Սարգսյան շփումներ էին եղել նաև Եվրոպական Ժողովրդական կուսակցության շրջանակներում, իսկ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը ՀՀԿ-ի ամենակարևոր միջազգային գործընկերներից մեկն է: Անգելա Մերկելի նախատեսվող այցը հետաքրքիր է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսելյան երկօրյա աշխատանքային այցի և ձեռք բերված արդյունքների, դրանից հետո առաջացած խմորումների համատեքստում։
Ուվե Հալբախն ասաց, որ Անգելա Մերկելի օտարերկրյա այցերն ավելի հեռու տարածաշրջաններ կազմակերպվում են ամիսներ, մինչև անգամ մեկ տարի առաջ: Հետևաբար, ըստ նրա, այս այցը ևս այդ սկզբունքով է կազմակերպվել, այնպես չէ, որ ՀՀ-ում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխություններից հետո է նման որոշում կայացվել, այցի օրակարգը կապված է եղել ՀՀ նախկին իշխանությունների, ղեկավարի, ՀՀ-ԵՄ հարաբերությունների և հայ-գերմանական հարաբերությունների, Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակի հետ:
«Բնականաբար, ներկայումս այցի օրակարգը փոխվել է, հարմարեցվել է տեղի ունեցած փոփոխություններին, ՀՀ-ում իշխանություն է փոխվել, այդ իշխանությունն արդեն որոշակի արտաքին քաղաքական ուղերձներ է հղել աշխարհին, որոնցից Գերմանիային մասնավորապես հետաքրքիր են նոր իշխանությունների` հայ-ռուսական, ՀՀ-ԵՄ հարաբերությունների տեսլականը:
Այս ուղղությամբ կարծես թե ոչինչ չի փոխվել, բայց փոփոխություններ կան, քանի որ ՀՀ իշխանությունն ավելի մեծ աջակցություն է ակնկալում ԵՄ-ից, միևնույն ժամանակ՝ պնդելով, թե ֆինանսական աջակցություն մուրացողի դերում չէ:
Այս ֆոնին, կարծում եմ, Մերկելի այցը Հայաստան հնարավորություն կտա քննարկելու ոչ միայն Հայաստանում տեղի ունեցածը, որը հետաքրքիր է Եվրոպական միության անդամ երկրների համար, այլև այն, թե ինչ և ինչի դիմաց է ցանկանում ՀՀ իշխանությունը, ու ինչպիսին կարող է լինել ԵՄ առաջարկը:
Իմ համոզմամբ՝ հանդիպման գլխավոր թեման սա է լինելու, քանի որ ԵՄ ղեկավարությունը կցանկանա այս այցն օգտագործել ՀՀ-ԵՄ հարաբերություններում առաջացած թյուրընկալումները կարգավորելու նպատակով, Գերմանիան ևս դեմ չի լինի ստանձնել այդ դերակատարությունը՝ լինելով ԵՄ կենտրոնական անդամ: Իհարկե, կարծում եմ` ավանդական քննարկումներ կլինեն ՀՀ-Գերմանիա, Ղարաբաղյան հակամարտության և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ Մերկելի հանդիպումները Հայաստանում կլինեն բազմաբնույթ, որպեսզի ՀՀ-ում տիրող իրավիճակի տպավորությունը լինի ամբողջական, քանի որ Հայաստանում դրամատիկ փոփոխություններ են տեղի ունեցել, և ըստ ՀՀ նոր իշխանությունների՝ շատ փոփոխություններ դեռ առջևում են»,- ասաց գերմանացի քաղաքագետը:
Ինչ վերաբերում է ՀՀ-ԵՄ օրեր առաջ տեղի ունեցած «փոխհրաձգությանը»` գերմանացի վերլուծաբանն ասաց, որ բացասականն այն է, որ այս թեմայով կողմերի քննարկումը դարձավ հրապարակային այն դեպքում, երբ առաջարկները, ինչպես պարզ դարձավ հետագա հայտարարություններից, մշակման և ներկայացման փուլում էին:
Նման տեսակի աշխատանքը, նրա խոսքով, կուլիսային աշխատանք է «սիրում»:
«Որքան հասկացա՝ խնդիրը դարձավ հրապարակային, քանի որ ՀՀ վարչապետի Բրյուսել կատարած այցի ընթացքում ԵՄ պաշտոնյաները ֆինանսավորման ծավալի աճ չխոստացան, ինչը բնական է ԵՄ-ի դեպքում, քանի որ ԵՄ-ն սովոր չէ գումարներ խոստանալ՝ առանց որևէ արդյունք ակնկալելու: Այո, ՀՀ իշխանությունները փորձում են բացահայտել չարաշահումներ, և այլն, սակայն Բրյուսելի համար հստակ պետք է լինի` փաստաթղթերով ամրագրված, թե ինչու է տրվում այդ ֆինանսավորումը: Լիահույս եմ, որ վերջին հայտարարություններով այս թեմայի քննարկումը կավարտվի, և իրական աշխատանքի միջոցով կողմերը կպարզեն, թե ինչ է անհրաժեշտ անել ՀՀ նոր իշխանությունների գաղափարներին աջակցելու համար»,- ասաց Հալբախը: