Աստղաշենը շուտով նոր ջրագիծ կունենա. Արցախի պետնախարարն ընդունել է «ԷՍ-ՊԷ-ԷՖ-Ա» բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներին
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 22-ին ընդունել է «ԷՍ-ՊԷ-ԷՖ-Ա» (SPFA) ֆրանսիական բարեգործական կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Հաբեթնակ Հակոբյանին և շինարարական ծրագրերի պատասխանատու Հովհաննես Ասոյանին:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության կառավարությունից։
Ողջունելով հյուրերին՝ պետական նախարարը բարձր է գնահատել հիմնադրամի կողմից Արցախում բարեգործական տարբեր ծրագրերի իրագործումը՝ հատկապես գյուղական համայնքները խմելու ջրով ապահովելը: Գ. Մարտիրոսյանի խոսքով՝ խմելու ջրի խնդրի լուծումը Արցախի կառավարության օրակարգային հարցերից է հանդիսանում, և շատ ուրախ են, որ բացի պետական միջոցներից, բարեգործական կազմակերպությունները ևս իրենց գործուն աջակցությունն են բերում այդ հարցում:
«Ինչպես նախկինում, այսուհետ ևս, մենք պատրաստ ենք սերտորեն համագործակցել հիմնադրամի հետ: Բարեգործական աշխատանքների համար իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ինչպես հիմնադրամի բարերարներին, այնպես էլ «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամին՝ «ԷՍ-ՊԷ-ԷՖ-Ա»-ի միջոցով՝ արցախյան ծրագրերին գործուն աջակցություն ցուցաբերելու համար»,- ընդգծել է Գ. Մարտիրոսյանը:
Հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Հ. Հակոբյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Գ. Մարտիրոսյանին ներկայացրել է սոցիալական, կրթական և այլ ուղղություններով իրականացված աշխատանքները՝ նշելով որ դրանք շարունակական են լինելու: Նա մասնավորապես նշել է, որ ներկայումս ընթացքի մեջ են Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի ջրագծի կառուցման աշխատանքները, որը նախատեսվում է շահագործման հանձնել ընթացիկ տարվա սեպտեմբերին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև Հիմնադրամի կողմից առաջնագիծը շուրջօրյա ջրով ապահովելուն ուղղված ծրագրերին և կառավարության հետ համագործակցությանը վերաբերող այլ հարցեր: