Բաժիններ՝

Քաղավիացիայի դիրքորոշումը՝ մամուլում տեղ գտած մի շարք հրապարակումների, վերլուծությունների, տարակարծությունների վերաբերյալ

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (այժմ արդեն՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե) վերջին շրջանում մամուլում տեղ գտած մի շարք հրապարակումների, վերլուծությունների, տարակարծությունների վերաբերյալ իր դիրքորոշումն է ներկայացրել:
Ինչպես տեղեկացնում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեց, անկախության ձեռք բերումից ի վեր, 2002թ-ին առաջին անգամ ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքը, որից հետո ընդունվել է ՀՀ կառավարության 12 նորմատիվ որոշում և Գլխավոր վարչության 17 նորմատիվ հրաման: Այնուհետև 2006թ-ին սկսվել են աշխատանքներ նոր «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքի նախագծման շուրջ, որի համար հիմք է հանդիսացել եվրոպական մի շարք երկրների ավիացիոն օրենսդրության մոդելը: Օրենքի նախագիծը մշակվել է Շվեդիայի մասնագետների աջակցությամբ և 2007թ-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Ավիացիայի մասին» նոր ՀՀ օրենքը՝ իր մեջ ներառելով միջազգային առաջատար փորձը և գործելաձևերը: 2007թ-ից հետո ավիացիոն օրենսդրության դաշտը լրացվել է ևս ՀՀ կառավարության 21 նորմատիվ որոշմամբ և 35 նորմատիվ իրավական ակտով՝ ամբողջությամբ կարգավորելով ոլորտի բոլոր ճյուղերը:

Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունը 1994 թ-ին միացել է 1944 թվականի դեկտեմբերի 7-ին Չիկագոյում ստորագրված «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիային, որի շրջանակներում էլ 2007 և 2015թթ. Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) կողմից ՀՀ-ում անցկացված անվտանգության աուդիտի արդյունքներով ավիացիայի բնագավառը կարգավորող ՀՀ օրենսդրությունը ստացել է 95,45% համապատասխանելիություն միջազգային ստանդարտներին, իսկ Կոմիտեն (այն ժամանակ՝ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը)՝ որպես կառույց, 100% արդյունավետությամբ իրականացրել է ավիացիոն ադմինիստրացիաներին վերապահված գործառույթները: Անհրաժեշտ է նշել նաև, որ 8 կրիտիկական էլեմենտներով Հայաստանի ցուցանիշները բարձր են համաշխարհային միջինից, որը ներկայացվում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) կողմից հրապարակված աղյուսակում.

Ներկայումս ավիացիայի դաշտը կարգավորվում է ՀՀ կառավարության 36 նորմատիվ որոշումով և Գլխավոր վարչության 50 նորմատիվ հրամանով, որոնք արդեն իսկ 90%-ով համապատասխանեցվել են նաև Եվրոպական Միության կողմից հրապարակված քաղաքացիական ավիացիայի կարգավորումներին:

Հարկ է նշել նաև, որ վերը բերված բոլոր օրենսդրական և իրավական ակտերում իրականացվող փոփոխությունները կրում են շարունակական բնույթ և մշտապես համապատասխանեցվում եմ միջազգային չափանիշներին:

Տեղեկացնենք նաև, որ 2017թ. ՀՀ կառավարությանն է ներկայացվել «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որում կատարված փոփոխությունների արդյունքում հստակեցվել են փոքր ավիացիայի տարատեսակները և փոքր ավիացիայում օգտագործվող որոշ օդանավերի կարգավորման առանձնահատկությունները, ներքին չվերթների խրախուսման նպատակով պարզեցվել են ներքին օդանավակայանների սերտիֆիկացման ընթացակարգերը, հստակեցվել են օդանավ շահագործող կազմակերպությունների մասնակիցների մասնակցության վերաբերյալ որոշիչ առանձնահատկությունները, Կոմիտեի կողմից տրամադրվող թույլտվությունների, վկայականների, սերտիֆիկատների գործողության կասեցման հիմքերը և այլն:

Այս պայմաններում, առավել ևս, անհասկանալի են մամուլում տեղ գտած բազմաթիվ և շարունակական պնդումներն առ այն, որ ՀՀ քաղաքացիական ավիացիան չունի ավիացիոն օրենսդրություն և անհրաժեշտ է օդային օրենսգիրք: Հատկանշական է, որ մինչ այժմ ներկայացված բոլոր օրենսգրքերի նախագծերը երբևէ չեն արտահայտել քաղաքացիական ավիացիայի ներկա զարգացումներն ու միջազգային ստանդարտները և առավելապես նմանվել են Ռուսաստանի Դաշնության հին օդային օրենսգրքի կրճատված տարբերակին:

Ինչ վերաբերում է «ազգային» (պետական բաժնեմաս ունեցող) ավիափոխադրող ունենալուն, ապա Կոմիտեն երբևէ դեմ չի արտահայտվել այս գաղափարին, սակայն, հաշվի առնելով ավիաընկերության ստեղծման, պահպանման և զարգացման համար պահանջվող շարունակական ներդրումների կանխատեսվող ծավալը, ինչպես նաև դրա գործունեության խիստ ռիսկայնությունը և ծախսատարությունը, անհրաժեշտ է համակողմանի վերլուծել և գնահատել պետության հնարավորությունները՝ նման ծավալի ներդրումների իրականացման և ռիսկային դաշտ մուտք գործելու տեսանկյունից:

Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ ազգային փոխադրող հասկացությունը, ըստ էության, չունի որևէ միջազգային իրավական սահմանում, և, ըստ էության, կարելի է ասել, որ «Հայկական ավիաուղիներ» ՓԲ ընկերության գործունեության դադարից հետո, որի բաժնետոմսերը եղել են պետական, ուրիշ, այսպես ասած, ազգային ավիափոխադրող Հայաստանի Հանրապետությունը չի ունեցել: Իսկ «Արմավիա» ավիաընկերությանը ՀՀ կառավարության կողմից տրամադրվել են օդային երթուղիների շահագործման բացառիկ իրավունքներ՝ սահմանափակելով այլ ավիաընկերությունների՝ Երևանից և դեպի Երևան չվերթներ իրականացնելու իրավունքները: Ինչի արդյունքում ՀՀ-ում նկատվել են ավիատոմսերի աննախադեպ բարձր գներ և ոլորտում Հայաստանի մրցունակության անկում:

Ստեղծված պայմաններում քաղաքացիական ավիացիայի ոլորտը վերլուծության է ենթարկվել ՀՀ կառավարության, միջազգային մի շարք կազմակերպությունների և փորձագետների կողմից, որի արդյունքում, 2013թ. հոկտեմբերին ՀՀ ավիացիայի ոլորտն ազատականացվել է:

Հայաստանի Հանրապետությունում այժմ գործում է 6 ընկերություն. «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ, «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ» ՍՊԸ, «Արմենիա Էյրվեյզ» ՓԲԸ, «Մարս Ավիա» ՓԲԸ, «Տարոն-Ավիա» ՍՊԸ, «Արմենիան հելիքոփթերս» ՍՊԸ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օդանավերի պետական ռեգիստրում գրանցված է 24 օդանավ, որոնք շահագործվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս:

Հարկ ենք համարում նշել, որ 2018թ. ՀՀ-ում գրանցվել են մի շարք նոր տեսակի օդանավեր՝ Էյրբաս Ա-310, L-410 UVP-E, Ռոբինսոն Ռ-66, AT-104` իր հերթին ավելացնելով ՀՀ գրանցված օդանավերի ընդհանուր քանակը: Թվարկված օդանավերի տեսակներից վերջին երեքը հանդիսանում են փոքր ավիացիայում շահագործվող օդանավեր: Տեղեկացնենք, նաև, որ AT-104 տեսակի օդապարիկի գրանցումը և շահագործումը, հադիսանալով աննախադեպ երևույթ ՀՀ քաղաքացիական ավիացիայի բնագավառում, հնարավոր է եղել իրագործել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից համապատասխան նորմատիվային փաստաթղթերի լրամշակման շնորհիվ՝ հաշվի առնելով փոքր ավիացիայի և Հայաստանում զբոսաշրջության զարգացման միտումները:

Պետք է նկատել նաև, որ ուղղաթիռներով համալրումը ևս աննախադեպ երևույթ է ՀՀ քաղաքացիական ավիացիայի ոլորտում:

Օդանավերի ընդհանուր քանակի ավելացումը նաև նպաստել է օդանավերի տեխնիկական սպասարկման և թռիչքային պիտանիության պահպանման կազմակերպություններում մասնագետների քանակի աճին՝ երիտասարդ կադրերի ներգրավման շնորհիվ:

Իրականացրած աշխատանքների արդյունքում միայն վերջին 2 տարում արտասահմանյան ավիաընկերություններում աշխատող 32 օդաչու վերադարձել է Հայաստանի Հանրապետություն և սկսել աշխատել Հայաստանում գրանցված ավիաընկերություններում, ևս 70 աշխատատեղ է ստեղծվել բորտուղեկցորդների համար:

Հարկ ենք համարում անդրադառնալ նաև Գյումրու «Շիրակ» օդանավակայանին, որը տարված աշխատանքների արդյունքում, շուրջ 8 ամսվա դադարից հետո, 2016 թվականի դեկտեմբերին վերագործարկվել է՝ ռուսական բյուջետային «Պոբեդա» ավիաընկերության մուտքով:

Բյուջետային ավիաընկերությունների համար նախատեսված օդանավակայանից «Պոբեդա» ավիաընկերությունը սկսել է մեկ՝ Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղու շահագործումով, սակայն հետագայում ավիաընկերությունը, ճիշտ գնահատելով ստեղծված բարենպաստ բիզնես միջավայրը և առկա պահանջարկը, ընդլայնել է ինչպես չվերթների աշխարհագրությունը, այնպես էլ ավելացրել է չվերթների հաճախականությունը: Այժմ ավիաընկերությունը չվերթներ է իրականացնում 3 երթուղով՝ Մոսկվա-Գյումրի-Մոսկվա՝ շաբաթական 7 չվերթ հաճախականությամբ, Սանկտ Պետերբուրգ-Գյումրի- Սանկտ Պետերբուրգ և Դոնի Ռոստով-Գյումրի- Դոնի Ռոստով՝ շաբաթական երկուական չվերթ հաճախականությամբ:

«Շիրակ» օդանավակայանի վերագործարկման արդյունավետությունն առավել ընդգծուն դարձնելու համար նշենք հետևյալ ցուցանիշները. 2017թ. օդանավակայանի ուղևորահոսքը կազմել է 105 հազար 664 մարդ՝ 2016 թվականին ուղևորհաոսքը (12 հազար 421 մարդ) գերազանցելով 750%-ով: 2018 թվականի առաջին 5 ամիսներին այն կազմել է 59 հազար 350 մարդ` 2017 թվականի նույն ժամանակահատվածի ուղևորահոսքը (27 հազար 429 մարդ) գերազանցելով 116.4%-ով:

Թեև «Շիրակ» օդանավակայանի ուղևորահոսքը դինամիկ աճ է գրանցում, սակայն Կոմիտեին չեն բավարարում առկա ցուցանիշները: Այդ իսկ պատճառով շարունակական աշխատանքներ են իրականացվում ինչպես հայկական ավիաընկերությունների, այնպես էլ արտասահմանյան բյուջետային ավիաընկերությունների ներգրավման և երթուղիների աշխարհագրության ընդլայնման շուրջ:

Նշենք նաև, որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանում իրականացված ներդրումների արդյունքում բարելավվել են օդանավակայանի ենթակառուցվածքները, ստեղծվել են աշխատատեղեր, ինչը նպաստել է Գյումրի քաղաքի վերակենդանացմանը:

Հարկ ենք համարում նշել նաև, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի ոլորտում վարվող քաղաքականության ազատականացումից ի վեր, վերջին 4 տարիներին գրանցվել է ինչպես ուղևորափոխադրումների, այնպես էլ ՀՀ օդային տարածքով տարանցիկ չվերթների ցուցանիշների աճ.

2017թ-ին ՀՀ միջազգային օդանավերով ուղևորահոսքը կազմել է 2 մլն 553 հազար 914 ուղևոր: 2016թ-ի համեմատ ուղևորահոսքն աճել է շուրջ 20.6%-ով: Բեռնափոխադրումները 2017թ-ին կազմել են 22 հազար 325 տ.՝ 22.2% աճ գրանցելով 2016թ. համեմատ: 2017թ․ ՀՀ օդային տարածքով իրականացվել են շուրջ 32 հազար 316 մայրուղային թռիչք՝ 2016թ․ 20 հազար 231-ի դիմաց` աճելով շուրջ 59%-ով։

Համաձայն 2018թ-ի հունվար-հունիս ամիսների վիճակագրության՝ ՀՀ միջազգային օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 1 մլն 206 հազար 952 ուղևոր, որը 10.3%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: Նույն ժամանակահատվածում 52%-ով աճել են նաև ՀՀ օդային տարածքով իրականացված տարանցիկ թռիչքները:

2017թ-ի ընթացքում ՀՀ-ում օդային փոխադրումներ են իրականացրել տարեկան միջին հաշվով շուրջ 27 ավիաընկերություն՝ միջինը շուրջ 29 ուղղությամբ: 2018 թվականի հունիս ամսվա դրությամբ 33 ավիաընկերություն կանոնավոր չվերթներ է իրականացնում 37 ուղղությամբ: Հատկանշական է, որ ուղղությունների աճը հիմնականում պայմանավորված է եվրոպական նոր երթուղիների մեկնարկով:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն անհիմն է համարում մամուլում շրջանառվող լուրերն ավիացիայի ոլորտին վերաբերող, միևնույն ժամանակ ցանկանում է նշել, որ վերը բերված ցուցանիշներն ուղղակիորեն իրենց դրական ազդեցությունն են թողնում Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման, այդ թվում նաև՝ համախառն ներքին արդյունքի, ինչպես նաև ֆինանսական հոսքերի մեծացման վրա: Ցանկանում ենք շեշտել նաև, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն չի սահմանափակվելու արձանագրած արդյունքներով, այլ փոխարենը, ինչպես հայ մասնագետների, այնպես էլ միջազգային փորձագետների գիտելիքներով շարունակելու է աջակցել հայկական ավիափոխադրողներին, բայց և չխոչընդոտել արտասահմանյան ավիափոխադրողների գործունեությանը, ինչպես նաև աշխատանքներ են իրականացվելու հայկական շուկայում նոր ավիաընկերությունների ներգրավման ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս