Ի՞նչ է գրել kommersant.ru-ն և ի՞նչն է պարզաբանում Արմեն Գրիգորյանը
kommersant.ru-ն երեկ հրապարակում է ներկայացրել «Հայաստանը`որպես ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նպատակներից մեկը, նշել է «ադրբեջանական բանակի աշախատելաոճը հասկանալու» ցանկությունը»՝ վերնագրով, որը ներկայացնում ենք ստորև։
«Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, պատասխանելով «Ъ»-ի հարցին, հայտարարել է, որ Երևանը մտադրված է շարունակել Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունը Աֆղանստանում և Կոսովոյում գոյություն ունեցող խաղաղապահական առաքելությունների շրջանականերում:
Հայաստանի համար այս համագործակցության շահավետությունը նա բացատրեց այդ թվում նրանով, որ այդպես հայ զինվորականները հնարավորություն ունեն ստանալ նույն փորձը, ինչ և ադրբեջանցիները, որոնք նույնպես ակտիվ կապ են պահպանում դաշինքի հետ: Իսկ դա, իր հերթին, օգտակար է Լեռնային Ղարաբաղի`Ադրբեջանի հետ կոնֆլիկտում արդյունավետ հակազդեցության համար:
«Ադրբեջանցի սպաները ուսուցում են անցնում Թուրքիայում (ՆԱՏՕ-ի անդամ- «Ъ»,-հիշեցրեց պարոն Գրիգորյանը,-մենք ուզում ենք (համագործակցելով ՆԱՏՕ-ի հետ-«Ъ»-) հասկանալ այդ կառույցը, հասկանալ, թե ինչպես է աշխատում ադրբեջանական բանակը»:
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11-ին Բրյուսելում ներկա է գտնվել Հյուսիսատլանտյան դաշինքի համաժողովին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես այնտեղ էր, սակայն երկու հակամարտող երկրների առաջնորդները բանակցություններ չվարեցին:
«Նախկինում`2014 և 2016թթ. նույնպես եղել է ՆԱՏՕ-ի համաժողովներին Հայաստանի մասնակցության պրակտիկա,-ասաց Արմեն Գրիգորյանը,- մենք կաշխատենք արդեն ձևավորված ձևաչափերի շրջանակներում, որոնցից է, մասնավորապես, «Համագործակցություն հանուն խաղաղության»-ը»:
Պարոն Գրիգորյանը բացառեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից Հայաստանի դուրս գալը:
«Հեղափոխությունը Հայաստանում ուղղված էր ներքին, այլ ոչ թե արտաքին փոփոխություններին»,-ասաց նա:
Ի դեպ, Անվտանգության խորհրդի քարտուղարը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Երևանի քաղաքականությունը այժմ բնութագրվում է որպես «ակտիվ պաշտպանողական»:
«Դա նշանակում է, որ մենք կարող ենք կատարել որոշ պրեվենտիվ քայլեր»,-պարզաբանեց Արմեն Գրիգորյանը:
Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ վերջերս տեղի ունեցած հանդիպման ընթացքում Արմեն Գրիգորյանը քննարկել է Մոսկվայի և Երևանի ռազմատեխնիկական համագործակցությունը:
«Սակայն մենք դա դետալային չենք քննարկել»,- «Ъ»-ի ճշտող հարցին պատասխանեց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը:
Նա նաև հիշեցրեց, որ Հայաստանը արդեն իսկ ռուսական զենքի` Հայաստան առաքման 100 մլն դոլարի նոր պայմանագիր է կնքել»:
Ի դեպ, այսօր Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Կոմերսանտի`«Ъ»-ի այս հրապարակմանը, նշելով`
«Երեկ Ռուսաստանից, Բելառուսից, Ղրղզստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Ղազախստանից ժամանած լրագրողների հետ հանդիպմանը ռուս լրագրողի՝ ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններին վերաբերող հարցին ի պատասխան, միտքս ձևակերպել եմ հետևյալ կերպ, որի մի մասը «Կոմերսանտը» երեկ լուսաբանել էր, իսկ այսօր՝ թարմացրել:
– Հայաստանը զարգացնում է իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ արդեն գոյություն ունեցող ձևաչափերում` Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի և Պլանավորման և վերանայման գործընթացի շրջանակներում:
Մենք նաև Աֆղանստանում և Կոսովոյում մասնակցում ենք ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններում: Ադրբեջանի ռազմական կարողությունները հասկանալն էլ է կարևոր, քանի որ ադրբեջանցի սպաներն իրենց փորձառությունն են անցնում Թուրքիայում, որը ՆԱՏՕ-ի անդամ երկիր է»:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը