Վիետնամում առնվազն 15 մարդ է զոհվել հեղեղումներից
Վիետնամի հյուսիսում առնվազն 15 մարդ է զոհվել հեղեղումների եւ սողանքների հետեւանքով: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը: Եվս ավելի քան տասը մարդ համարվում է անհայտ կորած:
Փրկարարները որոնողական աշխատանքներ են կատարում: Սողանքների հետեւանքով քանդվել են բնակելի տներ եւ ավտոմոբիլային ճանապարհներ, որոշ շրջաններում խախտվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը:
Տեղի օդերեւութաբանական ծառայությունները նախազգուշացնում են, որ մոտ ժամանակներս անձրեւները չեն դադարի, եւ իրավիճակը կարող է բարդանալ: Գործակալությունը նշում է, որ Վիետնամում անձրեւների շրջանը տեւում է հունիսից մինչեւ նոյեմբեր: Ամեն տարի հեղեղումներից եւ փոթորիկներից երկրում զոհվում են հարյուրավոր մարդիկ, իսկ նյութական վնասը գնահատվում է միլիոնավոր դոլարներով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: