Եվրանեսթ ԽՎ լիագումար նիստում կքննարկվի ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման խրախուսման հրատապ բանաձևի նախագիծ
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի առաջիկա լիագումար նիստի ընթացքում հայկական պատվիրակությունը քննարկման կներկայացնի Եվրամիության անդամ պետությունների ազգային խորհրդարաններում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման խրախուսման հետ կապված հրատապ բանաձևի նախագիծ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար, Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
«Հունիսի 26-ին Բրյուսելում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի ընթացքում, իմ նախաձեռնությամբ Եվրանեսթում հայկական պատվիրակության անունից Վեհաժողովին կներկայացվի ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարաններում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման խրախուսման հետ կապված հրատապ բանաձևի նախագիծ: Ներկայացված այս նախագիծը, վկայակոչելով 2018 թվականին ՀՀ ԱԺ կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը՝ որպես ևս մեկ վերահաստատում Հայաստանի Հանրապետության հանձնառության՝ ԵՄ-ի հետ առավել ռազմավարական և հավակնոտ հարաբերությունների, կոչ է անում ԵՄ անդամ-պետությունների ազգային խորհրդարաններին վավերացնել համաձայնագիրը՝ առանց անհարկի հետաձգումների»,- գրել է Աշոտյանը:
Նա հավելել է, որ նախագիծը ընդգծում է նաև ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը՝ մինչև Եվրոպական խորհրդարանի 2019 թվականի ընտրությունները: Պատգամավորը վստահեցնում է, որ խորհրդարանական դիվանագիտությունը ջանք չի խնայելու այս հրատապ նախագծի ընդունման համար՝ որպես Հայաստանի պետական շահերի առաջխաղացման և ՀՀ-ԵՄ հարաբերությունների խթանման գործում ևս մեկ կարևոր քայլ: