«Վերջին տարիներին Հայաստանում և տարածաշրջանում ալեկոծ վիճակ է, ինչը կարող է ապակայունացնել գործընթացները». Սվիտալսկի
Եվրամիության համար տարածաշրջանային համագործակցության գործոնը շատ կարևոր է, և ԵՄ-ն ցանկանում է ուղղորդել այդ երկրներին դեպի համագործակցություն:
«Արևելյան գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» թեմայով քննարկմանն այս մասին ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նրա խոսքով՝ Հայաստանը կարող է ավելի լավ ցուցանիշների հասնել օգտագործելով տարածաշրջանային հարթակը:
«Վերջին տարիներին Հայաստանում և տարածաշրջանում ալեկոծ վիճակ է, ինչը կարող է ապակայունացնել գործընթացները: Մեզ անհրաժեշտ են ճկուն կառուցվածքներ: ԵՄ քաղաքականության առանցքն է օգնել մեր գործընկերներին պատրաստ լինել ալեկոծ զարգացումներին և անկանխատեսելի գործընթացներին»,- ասաց նա:
ԵՄ դեսպանն անդրադարձավ նաև այն խոսակցություններին, որոնց համաձայն՝ Արևելյան գործընկերությունը պատրաստվում է դադարեցնել ՀՀ-ի հետ համագործակցությունը։
«Մարտահրավերները բավականին մեծ են, հարցը նրանում է, թե ինչպես պետք է դրանց դիմագրավել։ Մենք ունենք շատ կուռ օրակարգ և նոր հայեցակարգ և մենք հույս ունենք շատ կոնկրետ արդյունքներ ստանալ»,- ասաց նա։