Բաժիններ՝

Ճապոնիայում չափահասության տարիքը 20-ից կիջեցնեն մինչև 18

Ճապոնիայի իշխանությունները հունիսի 13-ին վերջնականապես հաստատեցին երկրում չափահասության տարիքը 20-ից մինչեւ 18 նվազեցնելու վերաբերյալ օրինագիծը: Խորհրդարանի վերին պալատում դրա օգտին քվեարկել է 169 պատգամավոր, դեմ են արտահայտվել՝ 69-ը: Այդ մասին հայտնել է NHK հեռուստաալիքը:

Ավելի վաղ մարտին այս փաստաթուղթն հավանության էր արժանացել խորհրդարանի ստորին պալատի կողմից: Այն ուժի մեջ կմտնի 2022 ֆինանսական տարվա սկզբից (2022 թվականի ապրիլի 1): Նոր օրենքի համաձայն, երիտասարդ ճապոնացիները, մասնավորապես, հնարավորություն կկունենան ավելի շուտ ամուսնանալ եւ իրենց անունով վարկեր վերցնել՝ առանց ծնողների կողմից նախնական հավանություն եւ երաշխավորություն ստանալու: Նոր օրենքի ընդունման կապակցությամբ երկրի քաղաքացիական օրենսգրքում կկատարվեն համապատասխան ուղղումներ՝ 19-րդ դարի վերջից ի վեր առաջին անգամ, երբ այն սկսել է գործել Ճապոնիայում:

Չնայած դրան, 18-19 տարեկան անձանց առաջվա պես կարգելվի ծխել, ալկոհոլային խմիչքներ օգտագործել եւ զբաղվել ազարտային խաղերով: Այժմ Ճապոնիայում անչափահասները կարող են ամուսնանալ միայն ծնողների համաձայնությամբ՝ 18 տարեկանից՝ երիտասարդների համար եւ 16-ից՝ աղջիկների համար:

Երկրի կառավարությունը որոշել է երկու սեռերի համար հավասարեցնել ամուսնանալու օրինական տարիքը, քանզի եկել է այն եզրակացության, որ մինչ այժմ գոյություն ունեցող խտրական նորման ոչ մի ռացիոնալ պատճառ չի ունեցել, իսկ 16-17 տարեկանում ծնողների հավանությամբ ամուսնացող աղջիկների թիվը գործնականում հավասարվել է զրոյի: Մինչդեռ, ինչպես ցույց են տալիս հասարակական կարծիքի հարցումները, Ճապոնիայի բնակիչների կեսից ավելին դեմ է չափահասության տարիքն իջեցնելուն:

Նրանք առաջին հերթին իրենց դժգոհությունը բացատրում են ֆինանսական բազայի բացակայությամբ, քանի որ 18 տարեկան ճապոնացիները նոր են ավարտում դպրոցը եւ բուհ ընդունվում, ինչից հետո են սկսում ակտիվորեն վաստակել: 2016 թվականին Ճապոնիայում 20-ից մինչեւ 18 տարեկան են իջեցրել այն նվազագույն տարիքը, որը քաղաքացիներին թույլ է տալիս մասնակցել ընտրություններին: Կառավարության կարծիքով, դա պետք է նպաստի երկրի քաղաքական կյանքին երիտասարդության ավելի մեծ ներգրավվածությանը եւ նրանց շրջանում քաղաքական գրագիտության բարձրացմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս