Պլանները խառնվեցին. նոր նախարարը դեմ է «ժառանգության սկզբունքով» պաշտոնների նշանակմանը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի երկարամյա տնօրեն, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի մահվանից հետո արդեն երեք ամիս է՝ համառ պայքար է ընթանում ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենի պաշտոնի համար:
Այս պաշտոնին հատկապես հավակնում է Ասոյանի որդին՝ Վիգեն Ասոյանը, ով հոր մահից տասն օր անց նշանակվել էր Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչի պաշտոնակատար:
Սակայն, ինչպես երեւում է, իշխանափոխությունը խափանել է վերջինիս պլանները: Մեր ունեցած հավաստի տվյալներով, այդպիսի նշանակմանը կտրուկ դեմ է ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը: Ընդ որում, խնդիրը նրա դիրքորոշումն է պաշտոնների նշանակման հարցում:
Ըստ մեր աղբյուրի, Արսեն Թորոսյանը սկզբունքորեն անընդունելի է համարում «ժառանգության սկզբունքով» պաշտոնների փոխանցումը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: