ԿԺԴՀ-ԱՄՆ գագաթնաժողովը կդառնա միայն միջուկազերծման սկիզբը. Մուն Չժե Ին
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սինգապուրում կայանալիք հանդիպումը կդառնա միայն Կորեական թերակղզու միջուկազերծման «տեւական գործընթացի» սկիզբը, որը կարող է տարիներ տեւել: Այդ մասին, ինչպես հայտնել է Yonhap գործակալությունը, հունիսի 11-ին հայտարարել է Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը Երկնագուն տանն իր օգնականների հետ կայացած հանդիպմանը:
«Հարցը, որը կապված է ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի միջեւ խորը արմատներ գցած թշնամական հարաբերությունների հետ, ինչպես նաեւ հյուսիսկորեական միջուկային խնդիրը, չեն կարող լուծվել ղեկավարների մեկ հանդիպմամբ,-նշել է Հարավային Կորեայի նախագահը:-Նույնիսկ այն բանից հետո, երբ երկու ղեկավարները կսկսեն երկխոսությունը, մեզ կպահանջվի տեւական գործընթաց, որը կարող է տեւել մեկ տարի, երկու տարի կամ էլ ավելի շատ ժամանակ, որպեսզի խնդիրը լուծվի ամբողջությամբ»:
Նա նաեւ նշել է, որ այդ գործընթացն ավարտելու համար «անկեղծ ջանքեր» են անհրաժեշտ Կորեայի Հանրապետության, ԿԺԴՀ-ի եւ ԱՄՆ-ի կողմից, ինչպես նաեւ մյուս կողմերի օժանդակությունը:
Թրամփի եւ Կիմ Չեն Ընի միջեւ պատմական հանդիպումը տեղի կունենա հունիսի 12-ին Սինգապուրի Capella հյուրանոցում, որը գտնվում Է Սենտոսա կղզում: Երկու ղեկավարներն էլ արդեն ժամանել են Սինգապուր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: