Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի սպանությունների բացահայտման համար իրավապահ մարմիններին հանձնարարականներ է տվել
Այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև 2008 թվականի մարտի 1-ի սպանությունների բացահայտման խնդրին։
«Մենք՝ ՀՀ-ում ոչ բռնի, թավշյա հեղափոխություն իրականացրածներս, բարոյական պարտք ունենք Մարտի 1-ի զոհերի առաջ, որովհետև եթե չլիներ 2008 թվականի մարտի 1-ը, վերջին 1.5 ամսվա ընթացքում քաղաքական իրադարձությունների ժամանակ դժվար կլիներ խուսափել արյունահեղություններից։
Մարտի 1-ի փորձն իշխանություններին պարտադրեց ավելի զգուշավոր լինել՝ ժողովրդական, փողոցային վենդետաներից խուսափելու համար։ Իսկ մեզ՝ հեղափոխության կազմակերպիչներիս, այս փորձն օգնեց քաղաքական պատասխանատվության առաջնորդության լրջությունը գիտակցելու և շարժումը ոչ բռնի տրամաբանությամբ տանելու հարցում։
2008 թվականի մարտի 1-ի զոհերի քաղաքացիական վաստակի գնահատման կարևորագույն արտահայտություններից մեկը պետք է լինի սպանությունների բացահայտումը։ Ես արդեն իսկ այդ կապակցությամբ հանձնարարականներ եմ տվել իրավապահ մարմիններին։ Կարծում եմ՝ իրավապահ այն համակարգ, այն մարմինը, որը կբացահայտի Մարտի 1-ը, իր անունը ոսկե տառերով կգրի ՀՀ-ի և ՀՀ ժողովրդի պատմության մեջ։
Իրավապահ համակարգի գործունեությունը բավարար չեմ կարող համարել այնքան ժամանակ, քանի դեռ Մարտի 1-ի սպանությունները բացահայտված չեն»,- հայտարարեց Ն. Փաշինյանը։