«Թրամփի գործողությունները կարող են լինել արևմտյան հանրակցության անկման առաջին նշանները». Տուսկ
Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն այն կարծիքին է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ձեռնարկվող գործողությունները կարող են լինել ինչպես ամերիկյան քաղաքականության «պատահական փոփոխություններ», այնպեսէլ «արեւմտյան քաղաքական հանրակցության անկման» առաջին նշանները: Այս կարծիքը նա հայտնել է The New York Times թերթի համար հոդվածում, որը հրապարակվել է հունիսի 6-ին:
Հունիսի 8-9-ին Կանադայում կայանալու է G7-ի գագաթնաժողովը: Ինչպես նշում է Տուսկը, բանակցությունները կընթանան Թրամփի վերջին գործողությունների «յուրահատուկ» քաղաքական համատեքստում: Խոսքը վերաբերում է կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից եւ Իրանի հետ միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուն, ինչպես նաեւ պողպատի եւ ալյումինի վրա մաքսատուրքեր սահմանելուն:
«Այսօր վճռորոշ հարցն այն է, թե այդ որոշումներն արդյոք ընդամենը ներկայիս ամերիկյան քաղաքականության պատահական փոփոխություններն են, որոնց իրավունքը, բնականաբար, ունի յուրաքանչյուր նախագահ, թե դրանք ռազմավարական միտումի սկիզբն են: Այլ կերպ ասած՝ արդյոք դրանք միայն սեզոնային մրրկայնություն են, թե ավելի շուտ արեւմտյան քաղաքական հանրակցության անկման առաջին նշանները, որը G7-ը ներկայացնում է եւ ոչ պաշտոնապես գլխավորում»,-գրում է Տուսկը:
Ընդսմին, Տուսկի կարծիքով, Եվրոպան պետք է շնորհակալ լինի ԱՄՆ-ի նախագահին: «Այժմ Եվրոպան պետք է ըստ կարելվույն ամեն ինչ անի, որպեսզի պաշտպանի անդրատլանտյան կապերը, չնայած այսօրվա տրամադրություններին: Միեւնույն ժամանակ մենք պետք է պատրաստ լինենք այն սցենարներին, երբ մեզ հարկ կլինի գործել ինքնուրույն: Դրա համար մեզանից կպահանջվի ավելի շատ քաղաքական միասնություն ու վճռականություն»,-հավելել է ԵՄ-ի խորհրդի նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: