«Ոչ քաղաքական թևին ասել ենք, որ կարող են հեռանալ». Վահրամ Բաղդասարյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով խմբակցությունից մի խումբ պատգամավորների դուրս գալու խնդրին՝ ասաց, որ ցանկացած քաղաքական ուժ պետք է պատրաստ լինի և իշխանություն լինել, և ընդդիմություն, և փոքրամասնություն, և մեծամասնություն:

«Եթե դուք մի փոքր պատմական էքսկուրս կատարեք, կտեսնեք, որ աշխարհում երբևէ նման դեպք չի եղել, որ իշխանություն ունենա մեկ ուժ, իսկ Ազգային ժողովում մեծամասնություն ունենա մեկ այլ քաղաքական ուժ: Եվ սա վկայում է Հանրապետական կուսակցության միասնականության մասին: Մենք խմբակցության ոչ քաղաքական թևին ասել ենք, որ եթե իրենց խանգարող հանգամանքներ կլինեն, ազատ են, կարող են գնալ: Մենք որևէ մեկից կառչած չենք»,- ասաց Բաղդասարյանը:

Հարցին, ակնկալվո՞ւմ է, որ էլի պատգամավորներ կլքեն ՀՀԿ խմբակցությունը, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Եկեք սպասենք զարգացումներին: Կրկնում եմ՝ մենք որևէ մեկից կառչած չենք: Այս պահին մեր հենքը խմբակցության քաղաքական թևն է»:

Անդրադառնալով խմբակցությունն արդեն իսկ լքած պատգամավորներին՝ Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ Ֆելիքս Ցոլակյանը ինքն է խնդրել, որ խմբակցությունում մնա, իսկ իրենք Ցոլակյանին ասել են, որ եթե կրկին լինեն քաղաքական ուժի որոշումներին ոչ համահունչ քայլեր, կդնեն նրան խմբակցությունից հեռացնելու հարցը: «Հետո նա իմ հետ հեռախոսազրույց է ունեցել և ասել է, որ ավելի լավ է՝ դիմում գրի և դուրս գա խմբակցությունից: Այսինքն՝ Ֆելիքս Ցոլակյանն արդեն մայիսի 1-ից սիրողական մակարդակով էր խմբակցության անդամ»,- ասաց Բաղդասարյանը:

Նա հստակեցրեց, որ ՀՀԿ խմբակցությունից հեռացած մեկ այլ պատգամավորի՝ Շիրակ Թորոսյանին իրենք են խմբակցությունից հեռացրել: Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ Արթուր Գևորգյանն ու Արման Սահակյանն էլ խմբակցության ոչ քաղաքական թևն էին ներկայացնում ու կրկնեց, որ այդ մարդկանց իրենք ասել են, որ կարող են հանգիստ հեռանալ, քանի որ ՀՀԿ-ն որևէ մեկից կառչած չէ:

Նա հավելեց, որ իրենք այդ ամենը հիվանդագին ձևով չեն ընդունում ու նորմալ են համարում:

Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Գևորգյանը, Շիրակ Թորոսյանը, Արման Սահակյանը և Ֆելիքս Ցոլակյանը հայտարարել են ԱԺ ՀՀԿ խմբակցությունը լքելու մասին:

Տեսանյութեր

Լրահոս