«Հիմա ցանկացած մարդու թույլ է տրվելու ներկրել ցանկացած դեղ». Արսեն Թորոսյան

Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում 2017 թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ Ուռուցքաբանության կենտրոնի «առապելին» և օնկոլոգիական ոլորտի խնդիրներին:

Նրա խոսքով` քաղցկեղի դեմ դեղորայք բերել են միայն իշխանության հետ փոխկապակցված անձինք, և հիվանդները գերադասում են գնալ Վրաստան, քան Հայաստանում ստանալ բուժում, իսկ այն քաղաքացին, որը կարող է ինքը բերել անհրաժեշտ դեղորայքը, թույլ չի տրվել:

«Ո՞նց եք տեսնում կարգավորումն առանց առասպելաբանության, ես դրան չեմ հավատում»,- ասաց Ն.Զոհրաբյանը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի կառուցումն անավարտ է, իսկ վերջերս կառավարության նիստում լուծարվածը դրա հետ կապ չուներ, այսինքն` պրոցեսների խոչընդոտ չէր կարող լինել:

Նրա խոսքով` կենտրոնը նույնիսկ ներառված է սեփականաշնորհման օբյեկտների ցանկում: Նախարարը տեղեկացրեց, որ արդեն սկսել է բանակցություններ կենտրոնը շահագործելու շուրջ:

Ա.Թորոսյանը նշեց, որ իր աշխատանքի համար ընտրել է աշխատանքի 2 գերակա ոլորտ` առողջության առաջնային պահպանությունը և օնկոլոգիան: Ըստ նրա` դեղերի հարցով երկու խնդիր է եղել` զուգահեռ ներմուծումների դեպքում, երբ մեկը ներկրել է, երկորրդը չի կարողացել ներկրել. «Հիմա ցանկացած մարդու թույլ է տրվելու ներկրել ցանկացած դեղ, իհարկե` հսկողությամբ»:

Նախարարի խոսքով` դեղերի ոլորտում իրական մոնոպոլիաներ չեն եղել, կան խոշոր ներկրողներ, որոնք ամեն մեկն իր նիշան ունի և ներկրել է որոշակի տեսականի: Այժմ դեղ ներկրելու ազատությունը, Ա.Թորոսյանի կարծիքով, կբերի գնային իջեցման: Նա նշեց, որ արտադրողներին միշտ չէ, որ ձեռնտու է գրանցել դեղերը մեր նման փոքր երկրի համար և որոշվել է, որ պետությունն ինքը կգրանցի և անօրինական ներմուծում չի լինի: Նախարարը տեղեկարեց, որ փորձում են նաև շրջանառել դեղերն ԱԱՀ-ից ազատելու մասին փոփոխություն, իսկ մանկական ուռուցքաբանական դեղերը կգնի պետությունը:

Տեսանյութեր

Լրահոս