Ռուսական քարոզչություն. ԽՍՀՄ-ից մինչև պուտինյան Ռուսաստան
Քարոզչությունը քաղաքական, փիլիսոփայական, գիտական, գեղարվեստական և այլ գաղափարների տարածումն է, իսկ ավելի նեղ իմաստով այն ընկալվում է քաղաքական ու գաղափարական համատեքստում: Քարոզչության սուբյեկտ են որոշակի սոցիալական խմբերը, ԶԼՄ-ները, իսկ օբյեկտը հասարակությունն է, որին էլ ուղղված է քարոզչությունը հասարակական կարծիքի ձևավորման նպատակով: Այն որպես երևույթ գոյություն ունի հնագույն ժամանակներից, սակայն զանգվածային կիրառումը սկսվել է I համաշխարհային պատերազմի տարիներին, երբ պետք էր համախմբել հասարակությանը և բարձրացնել մարդկանց ոգին: Քարոզչությունը կատարվում էր տվյալ ժամանակաշրջանի հայտնի միջոցներով (ֆոտո, ռադիո, տպագրություն և այլն):
Ռուսական քարոզչությունը, որպես ռուսական կայսերապաշտական քաղաքականության տարածմանը նպաստող կարևոր գործիք, ձևավորվել է ԽՍՀՄ տարիներին, և դրա հիմքում ընկած էր մարքսիզմ-լենինիզմի գաղափարախոսությունը: Խորհրդային միության կազմավորումից ի վեր բոլշևիկներն իրականացնում էին նպատակամղված քարոզչություն՝ ԶԼՄ-ների, գրքերի, ֆիլմերի, թատերական ներկայացումների և այն բոլոր միջոցներով, որոնք կարող էին օգտակար լինել սոցիալիզմի գաղափարախոսությանը և դրա միջոցով ամբողջ խորհրդային միության տարածքում ռուսական տարրի գերակայությունն ամրապնդելու համար:
ԽՍՀՄ-ում սոցիալիզմի կառուցման անհրաժեշտ նախապայմաններ համարվեցին արդյունաբերացումը, կոլեկտիվացումը և «խորհրդային մշակութային հեղափոխությունը»: Առաջնային նպատակներից էր ստեղծել, այսպես կոչված, «նոր մարդու» կերպար, ով պետք է գործեր հասարակության շահերից ելնելով և նույնիսկ զոհաբերեր իրեն հանուն ընդհանուր գաղափարների:
Քարոզչությունը կատարվում էր մարդու մեջ հավատ սերմանելու համար դեպի կոմունիստական գաղափարները, ինչպես նաև դեպի եղբայրություն, արդարություն, հավասարություն: Խորհրդային-ռուսական քարոզչությունն առավել համոզիչ թվալու և փափուկ ուժի սահմաններից դուրս չգալու համար որոշակիորեն հանդուրժում էր խորհրդային ժողովուրդների ազգայնականությունը: Մասնավորապես խոսքը վերաբերում է այդ ժողովուրդների պատմությանը, ազգային ավանդույթներին, մշակույթին:
Սակայն այս ամենը խորհրդային քարոզչությունը ներկայացնում էր այնպես, որ նախքան խորհրդային իշխանության հաստատումը խորհրդային ժողովուրդները շարունակաբար մաքառում էին իրենց գոյությունը մի կերպ պաշտպանելու և խոշոր ազգերին չձուլվելու համար, և միայն Ռուսաստանի իշխանության տարածումն է խորհրդային տարածաշրջանի ժողովուրդներին փրկել վտանգից և ստեղծել նրանց զարգացման անհրաժեշտ սոցիալական-տնտեսական և մշակութային հիմքեր: Ինչպես տեսնում ենք, անգամ խորհրդային ժողովուրդների պատմությունն էր ծառայեցվում ռուսական կայսերական շահերին:
Սկզբնական շրջանում հասարակության լայն զանգվածները դրական արձագանքեցին սոցիալիզմին, սակայն ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ ցանկության դեպքում էլ հետդարձի ճանապարհ այլևս չկար, և ով կփորձեր դեմ գնալ ռեժիմին և դրա գաղափարներին, խստագույնս կպատժվեր: Բոլորը գիտեին, որ գտնվում են վերահսկողության տակ, և ով իշխող վարչակազմին ու գաղափարախոսությանը հավատարմության հարցում կասկածի տեղիք տար, կարող էր պատժվել: Արդեն 1930-ական թվականներից սկսվեցին զանգվածային ձերբակալություններ, սպանություններ, աքսորներ, շատերն անհայտ կորան:
Ամբողջ Խորհրդային Միությունը գտնվում էր վախի մթնոլորտում: Երկրում ստեղծվեց ամբողջատիրական խիստ կենտրոնացված հասարակական համակարգ, որն օգնեց Լենինին, ապա Ստալինին ամրապնդել իրենց միահեծան իշխանությունը: Սակայն քարոզչությունն օգնում էր խորհրդային իշխանություններին լեգիտիմացնել իրենց հակամարդկային քաղաքականությունը: Մասնավորապես օգտագործվում էին այնպիսի քարոզչական կլիշեներ, ինչպիսիք են՝ «ժողովրդի թշնամի», «համաշխարհային իմպերիալիզմի գործակալ» և այլն:
Խորհրդային քարոզչության գլխավոր նպատակն էր ստեղծել ներքին և արտաքին թշնամու կերպար, որի դեմ պայքարելու համար հարկավոր էր համախմբել հանրության ռեսուրսները, տանել նպատակաուղղված գաղափարական պայքար՝ չխորշելով անգամ այլախոհների խոշտանգումներից ու սպանություններից:
Երկրորդ աշխարհամարտի տարիներին ներքին համախմբվածությունը և հայրենասիրությունն ուժեղացնելու համար այս քարոզչագործիքները դարձան խորհրդային քարոզչության կարևորագույն տարրերից մեկը: Չպետք է, իհարկե, անտեսել Երկրորդ աշխարհամարտում հաղթանակին ուղղված՝ ժողովրդի անկեղծ ջանքերը: Խորհրդային պատմության ընթացքում սա, թերևս, միակ դեպքն էր, երբ քարոզչության թիրախն ուներ հանրորեն օգտակար բնույթ՝ այն իմաստով, որ միտված էր արտաքին վտանգին դիմագրավելու համար ժողովրդի մարդկային, տնտեսական և մշակութային ռեսուրսների մոբիլիզացմանը:
Երկրորդ աշխարհամարտից հետո ձևավորվեց աշխարհաքաղաքական նոր վիճակ: Հաղթող պետություններից գերակշիռ դիրք ստացան ԽՍՀՄ-ն ու ԱՄՆ-ը, որոնք դարձան համաշխարհային քաղաքակրթության նոր կենտրոններ: Եվրոպակենտրոն աշխարհը մնաց անցյալում, ավելին՝ Եվրոպան ինքը դարձավ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի ազդեցության ոլորտների բաժանման տարածաշրջան: Ֆաշիզմի դեմ հաղթանակում իր ունեցած ներդրման շնորհիվ աննախադեպ աճել էր ԽՍՀՄ-ի հեղինակությունը: Ընդլայնվել էր նրա ազդեցության ոլորտը ոչ միայն Եվրոպայում, այլև Ասիայում: Եվրոպայում մեծ թափ էր ստացել կոմունիստական շարժումը: Եվրոպական երկրներում խորհրդային վարչակարգի հաստատման համար իրական հնարավորություն էր ստեղծվել:
Խորհրդային Միության լայնածավալ քարոզչությունը թիրախավորում էր ոչ միայն ԽՍՀՄ, այլ նաև իր սահմաններից դուրս տարածքները՝ ներկայանալով այնպիսի կարևոր արժեքներով, ինչպիսիք են՝ ազատությունը, սոցիալական արդարությունը և այլն: Տարբեր պետություններում Խորհրդային Միության գործուն աջակցությամբ հիմնադրվեցին սոցիալիստական-կոմունիստական գաղափարախոսությունը քարոզող թերթեր, ֆինանսավորվում էին սոցիալիստական և կոմունիստական ուղղվածության կուսակցությունները, հասարակական միավորումները:
Ստալինն օգտագործեց հետպատերազմյան համաշխարհային քաղաքական իրավիճակը, երբ եվրոպական պետություններում տիրող ծանր դրությամբ պայմանավորված՝ ժողովուրդների մոտ կապիտալիզմն ու մասնավոր սեփականությունը կորցնում էին իրենց հեղինակությունն ու սոցիալական ազդեցությունը և ԽՍՀՄ-ի ռազմա-քաղաքական ու տնտեսական կարողություններն ուղղեց Եվրոպայում և Ասիայում սոցիալիստական նոր պետությունների ձևավորմանը:
Իհարկե, ԱՄՆ-ը չէր կարող համակերպվել ԽՍՀՄ-ի քաղաքական էքսպանսիայի իրողության հետ. դրա հետևանքը երկու կողմի միջև պատերազմի տարիներին համագործակցային հարաբերությունների չեղարկումն էր: Կրկին առաջին պլան մղվեցին քաղաքական և գաղափարախոսական հակասությունները, որոնք հանգեցրեցին աշխարհի երկու հզորագույն պետությունների ռազմական ուղղակի բախման բնույթ չկրող, սակայն նրանցից քաղաքական, տնտեսական, գաղափարա-քարոզչական ռեսուրսներ խլող տևական հակամարտությանը, որը հայտնի է «Սառը պատերազմ» անունով:
Ըստ էության, ԱՄՆ-ը և ԽՍՀՄ-ն աշխարհի երկրների և ժողովուրդների առջև դնում էին զարգացման 2 տարբերակ՝ կապիտալիստական և սոցիալիստական: Սառը պատերազմի ազդարարումից հետո (1946թ. մինչև 1980-ական թթ.) աշխարհը փաստացի բաժանվեց երկու բևեռի: 1949թ. ապրիլի 4-ին Վաշինգտոնում 12 երկրներ ստորագրեցին Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) ստեղծման պայմանագիրը: Դրան զուգահեռ ընթանում էր սոցիալիստական ճամբարի ձևավորման և ԽՍՀՄ-ի շուրջ համախմբման գործընթացը:
Այսպիսով ձևավորվեցին Արևմտյան և Արևելյան խմբավորումները, որով ավարտվեց աշխարհի բաժանումը երկու բևեռների՝ սոցիալիստականի և կապիտալիստականի:
Սառը պատերազմի տարիներից խորհրդային իշխանությունները վարում էին լայնածավալ կոշտ քարոզչություն Արևմուտքի և, մասնավորապես, ԱՄՆ-ի դեմ: Գործածության մեջ դրվեց «երկաթյա վարագույր» հասկացությունը, որի ներքո հասկացվում էր ԽՍՀՄ-ի և այլ սոցիալիստական պետությունների մեկուսացումը կապիտալիստական տնտեսա-քաղաքական և մշակութային աշխարհից: Արևմտյան մշակույթը և բարքերն անհասանելի էին «երկաթյա վարագույր»-ից այն կողմ, և եթե որոշ բաներ հայտնի էին, ապա դրանք չարիք էին համարվում: Խորհրդային տեղեկատվական դաշտն անընդհատ պնդում էր այն «խավարի» մասին, որը տարածում են Արևմուտքը և ԱՄՆ-ը:
Վախի մթնոլորտում գտնվող ժողովուրդը ստիպված հավատում էր այդ ամենին, քանի որ չկար տեղեկատվական այլընտրանք: Այդպիսի քարոզչությունն ուներ նաև մեծ հոգեբանական ազդեցություն. եթե ամեն օր ԶԼՄ-ների միջոցով շրջանառվում էր միայն խորհրդային (ռուսական) կողմի տեսակետն այս կամ այն հարցի շուրջ, այս դեպքում լսարանը չի կարող ունենալ օբյեկտիվ կարծիք: Այս ամենը մեկ խոսքով կարելի է անվանել խորհրդային քարոզչություն:
1990թ.՝ ԽՍՀՄ փլուզումից հետո սկսվեց նոր ժամանակաշրջան, որն իր հետ բերեց նոր հայացքներ և մտածողություն: Նախկինում մեկ հարկի տակ ապրող պետություններն արդեն սեփական ուժերով ստիպված եղան լուծել իրենց երկրների առջև ծառացած ներքին և արտաքին բազում խնդիրներ: Իրավիճակը կրկին փոխվեց, երբ Ռուսաստանում իշխանության եկավ Վլադիմիր Պուտինը:
Ռուսաստանը սկսեց ագրեսիվ ձևով փնտրել նոր դաշնակիցների, բայց ոչ թե իրավահավասար հարաբերություններ կառուցելու, այլ իրենից վասալային կախվածություն ձևավորելու նպատակով: Պուտինի օրոք ստեղծվեց հզոր քարոզչամեքենա (այլ կերպ անվանում են նաև Պուտինյան քարոզչություն), որի հիմքը խորհրդային քարոզչության մոդելն է, և որը կարող է ազդել ցանկացած հասարակական կարծիքի ձևավորման վրա: Ստորև ներկայացվում են ռուսական հիմնական քարոզչական մեդիագործիքները և նրանց կողմից տարածվող հիմնական քարոզչադրույթները:
Քարոզչության տարածման միջոցները.
- LifeNews, ռուսական հեռուստաալիք,
- Russia Today, ռուսական հեռուստաալիք,
- Спутник ռադիոկայան,
- Կոմսոմոլսկայա Պրավդա, լրատվական գործակալություն,
- Ռոսիա-24, ռուսական հեռուստաալիք,
- ՌԻԱ Նովոստի, լրատվական գործակալություն,
- Առաջին ալիք, ռուսական հեռուստաալիք,
- Ռուսաստանի ձայնը, 160 երկրներում 38 լեզուներով հեռարձակող ռադիոկայան,
- Թրոլերի բրիգադներ, համացանցում գործող վճարովի մեկնաբանների կազմակերպած բազմալեզու խմբեր:
Ռուսական քարոզչության հայտնի առասպելները.
- Ստալինն արդյունավետ կառավարիչ է եղել,
- Ստալինյան ահաբեկչությունները և հալածանքները եղել են ստիպված ու անհրաժեշտ,
- ԽՍՀՄ-ը երբեք չի եղել նացիստական Գերմանիայի դաշնակից,
- Եվրամայդանից հետո իշխանության եկած ազգայնականները պատերազմ են սկսել սեփական ժողովրդի դեմ:
Քարոզչամեքենայի առաջին թիրախները դարձան Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը: Ռուսական քարոզչության ազդեցության ոլորտում գտնվում են հատկապես Միջին Ասիայի երկրները, քանի որ իրենց հարազատ է Ռուսաստանի գործելաոճը. այնտեղ նույնպես բռնապետություն է, և ընթանում է երկրի առաջնորդի կերպարի շուրջ ժողովրդի միավորմանը նպաստող լայնածավալ քարոզչություն:
Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այստեղ ամեն ինչ ընթացավ ոչ հօգուտ Ռուսաստանի: 2003թ. նոյեմբերին տեղի ունեցավ Վարդերի հեղափոխությունը, որից հետո Էդուարդ Շևարդնաձեն հրաժարական տվեց՝ իր տեղը զիջելով երիտասարդ և դեմոկրատական հայացքներով ոգեշնչված Միխեիլ Սահակաշվիլիին, որից հետո Վրաստանն ուղղվեց դեպի Արևմուտք և սկսեց արագորեն զարգանալ:
Ի հակադրություն Վրաստանի՝ Ռուսաստանի քարոզչամեքենան սկսեց մեծ տեղ հատկացնել Վրաստանի դեմ գաղափարա-քարոզչական լայնածավալ ակցիաներին: Ռուսական գրեթե բոլոր ԶԼՄ-ներով շրջանառվում էին հետևյալ վերնագրերը՝ «Рука запада на Грузии», «Шипы роз в Грузии» «Вянут листья роз»: Այս ամենն արվում էր ռուսների առավելագույն դժգոհությանը հասնելու համար: Ռուս հասարակության արձագանքը չուշացավ. սկսեցին մեղադրանքներ և վիրավորանքներ տեղալ վրացիների և վրաց կառավարության նկատմամբ:
ԶԼՄ-ներն ավելի էին սրում իրավիճակը՝ առաջ քաշելով տարբեր կեղծ պատճառներ և հատուկ մշակված սցենարով հեռուստաքննարկումների հրավիրելով տարբեր փորձագետների: Կարելի է ենթադրել, որ ռուսական քարոզչության ակունքներում կանգնած են նաև PR մասնագետներ և հոգեբաններ, որոնք հաշվի են առել բազմաթիվ հոգեբանական գործոններ, որոնք մեծ դեր են խաղացել հետխորհրդային մարդու մտածողության վրա:
Ռուսաստանի քարոզչությունը չի սահմանափակվում միայն հակավրացական կամ հակաուկրաինական թիրախավորումներով, այլև որոշակի քարոզչագիծ է տանում նաև հենց հետխորհրդային պետություններում, այդ թվում նաև Հայաստանում՝ Ռուսաստանին վերագրելով համամարդկային կրոնական և բարոյական արժեքների պաշտպանի դեր, իսկ Արևմուտքը ներկայացնելով որպես ընտանիքի հիմքերը քայքայող և ազգերը պառակտող քաղաքական ուժ: Մասնավորապես Վրաստանում և մասամբ նաև՝ Հայաստանում Ռուսաստանն իր այս քարոզչագիծն առաջ է տանում այդ նպատակով ստեղծված և գործող հասարակական կազմակերպությունների միջոցով և փորձում է այս գործում ներքաշել նաև եկեղեցին:
Հայտնի խորհրդային երգերից մեկում ասվում է «Мой адрес не дом и не улица, мой адрес – советский союз», և իսկապես խորհրդային հասարակությունն այդպես էլ մտածում էր: ԽՍՀՄ անկումից հետո բոլորին հետաքրքիր էր մեկ հարց՝ «Ի՞նչ է լինելու հիմա»: Այդ բացը փորձեց լրացնել Ռուսաստանը: Ստեղծվեց ուժեղ, խիզախ առաջնորդի կերպար, ով կարող է փոխել ամբողջ աշխարհի ճակատագիրը: Այդպիսին դարձավ Վլադիմիր Պուտինը:
Վերջին տարիներին НТВ հեռուստաալիքով «Эксклюзив» խորագրի ներքո ցուցադրվում են Պուտինին նվիրված հաղորդումներ, որոնց ժամանակ կարող ենք տեսնել, թե Ռուսաստանի նախագահն ինչպես է նախաճաշում, ձիավարում, ձկնորսության գնում: Թվում է՝ ամեն ինչ նորմալ է, բայց եկեք հիշենք ԵՄ երկրների և ԱՄՆ-ի առաջնորդներին, որոնց իմիջը չի ձևավորվում այդ եղանակով և գնով, այլ առաջին հերթին կապված է նրանց ներքին և արտաքին քաղաքականության որակների հետ:
Ռուս փորձագետները, օգտագործելով «Новое – это хорошо забытое старое» կարգախոսը, փորձում են վերադարձնել ԽՍՀՄ տարիների մի շարք երևույթներ: Հիշենք ԽՄԿԿ կենտկոմի «Народ и партия едины» կարգախոսը և ներկայումս իշխող կուսակցությունը «Единая Россия» կամ տոներից «День народного единства», ինչպես նաև պարգևներից «Герой труда»-ն: Այսպես է գործում ռուսական ներքին քարոզչությունը:
Որպես տերմին ռուսական քարոզչությունն հատկապես լայն գործածություն ստացավ 2013թ. Ուկրաինայի հայտնի դեպքերից հետո: Դա կապված էր ռուսական քարոզչամեքենայի՝ ВГТРК-ի (Всероссийская государственная телевизионная и радиовещательная компания, Համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերություն) և Դմիտրի Կիսելյովի անվան հետ:
Ամեն ինչ սկսվեց եվրոմայդանից, երբ ընդդիմությունն իշխանությունից հեռացրեց Վիկտոր Յանուկովիչին: Ռուսաստանը, հասկանալով, որ կորցնում է այստեղ իր ազդեցությունը, մտածված սկսեց ուռճացնել և նենգափոխել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները: Ղրիմի հանրաքվեից և բռնակցումից հետո սկսվեցին մասսայական դժգոհություններ միջազգային հանրության կողմից: ВГТРК-ն պատրաստ էր նաև դրան՝ գործի դնելով ագրեսիվ քարոզչագործիքներ:
Պատճառաբանելով, որ Ուկրաինայում տիրում է ֆաշիզմը և բռնությունը՝ ռուսական ԶԼՄ-ները մինչ օրս քննարկում են այդ իրադարձությունները՝ կազմակերպելով թոք շոուներ: Ոչ ոք չի հերքում, որ Դոնբասում պատերազմ է ընթանում, բայց ճի՞շտ է արդյոք, որ այնտեղ կռվում էին ազգայնամոլ խմբավորումներ, որոնց ֆինանսավորում էր Արևմուտքը: Իհարկե ոչ, քանի որ ԱՄՆ-ն և Արևմուտքը վարում են դեմոկրատական քաղաքականություն և բացառում ֆաշիզմն ու նման երևույթները:
Ռուսաստանն Արևմուտքում օգտագործում է նաև ազատ խոսքի իրավունքը՝ որպես իր քարոզչության գործիք: Ռուսական կողմն ակտիվ հետևում է ԵՄ երկրներում և ԱՄՆ-ում տեղի ունեցող իրադարձություններին՝ հարկ եղած դեպքում տեղեկատվությունը մշակելով և օգտագործելով իր օգտին:
Քանի որ արևմտաեվրոպական պետություններում հետապնդումներ չկան հակակառավարական երևույթների համար կամ չեն արգելում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը, ինչպիսին է, օրինակ, Russia Today-ը, ռուսական կողմը շահագործում է այդ գործոնը՝ գտնելով ռուսամետ ոչ այնքան հայտնի գործիչների, որոնք ելույթ են ունենում ընդդեմ արևմտյան իշխանությունների:
Վառ օրինակ կարող է լինել իտալացի գրող և քաղաքական գործիչ Ջուլիետտո Կիեզան: Բացառություն չեն նաև արվեստի և սպորտի ներկայացուցիչները, որոնք տարբեր խնդիրների պատճառով լքել են Արևմուտքը կամ ԱՄՆ-ը: ՌԴ-ը պատրաստ էր ընդունել և նույնիսկ քաղաքացիություն տալ նրանց հակաարևմտյան ելույթների համար: Այդպիսին էին նաև դերասաններ Ժերար Դեպարդյեն, Ստիվեն Սիգալը և բռնցքամարտիկ Ռոյ Ջոնսը:
Russia Today-ը Կրեմլյան ծրագրի հիման վրա ստեղծված հեռուստաընկերություն է, որը բազմաթիվ առիթներով մեղադրվել է Ռուսաստանի կառավարության արտաքին քարոզչական լրատվամիջոց լինելու, ինչպես նաև ապատեղեկատվություն տարածելու մեջ: Այն հեռարձակվում է երեք լեզուներով՝ անգլերեն, արաբերեն և իսպաներեն:
Անդրադառնալով Հայաստանին՝ պետք է նշել, որ 27 տարի անկախության հռչակումից ի վեր Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ է: Առևտրային երթուղիների բացակայությունը, իհարկե, թողնում է իր բացասական հետևանքները: Այս պարագայում «օգնության ձեռք» մեկնեց Ռուսաստանը, որին ուղղակի անհրաժեշտ էր ունենալ ամուր հենարան Անդրկովկասում:
Իսկ ինչո՞ւ ոչ Վրաստանը, քանի որ Էդուարդ Շևարդնաձեից հետո Ռուսաստանն այստեղ կորցրեց իր դիրքերը: Ադրբեջանը համարվում էր Թուրքիայի սատելիտը, վերջինս էլ ՆԱՏՕ-ին անդամակցելու և Արևմուտքի հետ տարաբնույթ առևտրային կապերի ուժով երկար ժամանակ Արևմուտքի մերձավորարևելյան հիմնական դաշնակիցն է համարվել: Կարելի է ասել, որ այս երկուսից ամենախոցելին Հայաստանն էր: Ռուսաստանը հմտորեն օգտագործում է Հայաստանի շրջափակման, ռազմական դրության, ինչպես նաև արտագնա աշխատանքի մեկնած հայերի կացության հարցը՝ հաճախ շահարկելով դրանք Հայաստանին ինչ-որ բան պարտադրելու համար:
Արտաքին պարտքի դիմաց Ռուսաստանը տիրացավ Հայաստանում համարյա բոլոր ստրատեգիական տնտեսական օբյեկտներին՝ դարձնելով վերջինիս փաստացի կախյալ պետություն: Այստեղ նույնպես ВГТРК-ը տանում է իր քարոզչությունը, որի թիրախային լսարանը համարվում է հիմնականում միջին և ավագ սերունդը: Հայաստանում ռուսական քարոզչությունը տարվում է երկու ուղղությամբ՝ տեղի հեռուստաալիքների միջոցով, որոնք հեռարձակվում են հայերեն և հենց ռուսական հեռուստաալիքների միջոցով: Պետք է նշել, որ Հայաստանում ռուսական հեռուստաալիքները մեծ ազդեցություն ունեն տեղեկատվական դաշտում:
Դրան նպաստում է նաև այն, որ չկա լեզվական խոչընդոտ, և հասարակության գերակշռող մասը տիրապետում է ռուսաց լեզվին: Հայաստանում ռուսական ԶԼՄ-ների գործելաոճը չփոխվեց: Որպես օրինակ կարելի է նշել 2015թ. հունիսին տեղի ունեցած «էլեկտրիկ Երևան»-ը, որն էլեկտրաէներգիայի թանկացման դեմ էր ուղղված: Այստեղ նույնպես, ինչպես 2014թ. Ուկրաինայում, ռուսական ԶԼՄ-ները նշում էին Արևմուտքի և ԱՄՆ-ի ներգրավվածության մասին, թե իբր այս դեպքերն ուկրաինական Մայդանի կրկնությունն են, որն ուղղորդում է ԱՄՆ-ն:
Կարելի է նշել նաև Հայաստանի վերաբերյալ Ռուսաստանի կողմից հմտորեն շրջանառության մեջ դրված քարոզչական թեզերի մասին.
- Հայաստանն ինքնիշխան չի կարող լինել, քանի որ փոքր երկիր է և պետք է լինի «եղբայրական» ու քրիստոնյա Ռուսաստանի վերահսկողության տակ,
- Առանց Ռուսաստանի աջակցության Հայաստանը կկորցնի Արցախը,
- Առանց Ռուսաստանի ռազմական աջակցության Թուրքիան կհարձակվի Հայաստանի վրա,
- Եթե Հայաստանը փորձի հեռանալ Ռուսաստանից, ապա Ռուսաստանի հայ համայնքին վտանգ կսպառնա,
- Հայաստանն ունի վատ աշխարհագրական դիրք և այդ պատճառով «դատապարտված» է լինել Ռուսաստանի ազդեցության ներքո, քանի որ ինքնուրույն չի կարող զարգանալ:
Չնայած ռուսական քարոզչական մեքենայի քաղաքական, ֆինանսական և մարդկային հարուստ ռեսուրսին՝ հասարակության համար ներկայումս այդ քարոզչությանը դիմակայելն ավելի հեշտ է դարձել, քանի որ միշտ կարելի է գտնել այլընտրանքային աղբյուրներ և կատարել դեպքերի ու իրադարձությունների այլընտրանքային վերլուծություն: Չէ՞ որ ի հեճուկս Ռուսաստանի կայսերական դրսևորումների՝ «երկաթյա վարագույր» այլևս չկա:
Գրիգոր Խալաթյան
ՄԱՀՀԻ ժողովրդավարության VI դպրոցի շրջանավարտ, կովկասագետ
Միքայել Խաչատրյան
PR մասնագետ
«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)