Բաժիններ՝

Ավարտվել է լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել ՋՕ ընկերության տնօրենին:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2018 թվականի ապրիլի 21-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի ճանապարհին տեղի ունեցող բողոքի ակցիաների ժամանակ խոչընդոտվել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանի մասնագիտական գործունեությունը: Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքի օրը քաղաքացիների կողմից իրականացվող բողոքի ակցիաները նկարահանելու և լուսաբանելու ժամանակ Արարատի մարզի 1982թ. ծնված բնակիչը, ով հանդիսանում է ՋՕ ընկերության տնօրեն, բռնություն է գործադրել լրագրողի նկատմամբ, այն է՝ ձեռքով հարվածել է տեսախցիկին, ապա նաև՝ նրա դեմքին:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ընկերության տնօրենին՝ Ա.Ղազարյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինս ընդունել է առաջադրված մեղադրանքը։

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս