Բաժիններ՝

Ցուկերբերգի հետ հանդիպումը հուսախաբ է արել Եվրախորհրդարանի պատգամավորներին

Մի խումբ եվրախորհրդարանականներ, որոնք մայիսի 22-ին մասնակցել են Մարկ Ցուկերբերգի մասնակցությամբ կայացած ունկնդրումներին, հիասթափվել են նրա պատասխաններից՝ կարծիք հայտնելով, որ Facebook-ի ղեկավարը չի կարողացել իրենց համոզել սոցցանցի գործունեությունը փոխելու ընկերության ձգտման եւ հնարավորությունների հարցում:

Եվրախորհրդարանում խորհրդարանական խմբակցութունների ղեկավարների հետ Ցուկերբերգի հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 22-ին: Հանդիպման ընթացքում Facebook-ի ղեկավարը փորձել է պատգամավորներին հանգստացնել օգտատերերի անձնական տվյալների ապահովության հարցում՝ հայտարարելով, որ ընկերությունն արդեն ոչ հուսալի հավելվածների մաղման միջոցներ է ձեռնարկել, փոխել է խնդրահարույց կոնտենտի հակազդման համակարգը եւ ստեղծում է գաղտնիության ապահովման նոր գործիքներ:

«Այն, ինչ այսօր ներկայացրեց Ցուկերբերգը, առանձնապես համոզիչ չէր»,- հանդիպումից հետո լրագրողներին հայտարարել է Եվրախորհրդարանում «Եվրոպայի ժողովրդական կուսակցության»՝ ամենաազդեցիկ խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը: «Նա չկարողացավ երաշխավորել, որ Cambridge Analytica-ի հերթական սկանդալը մոտ ժամանակներս չի կրկնվի»,- կարծում է եվրապատգամավորը: Վեբերը նաեւ նշել է, որ Ցուկերբերգը չպատասխանեց առաջադրված բոլոր հարցերին:

Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների խմբակցությունը նույնպես նշել է, որ Ցուկերբերգը գերադասել է խուսափել որոշ անհարմար հարցերից: Հանուն Եվրոպայի լիբերալների եւ դեմոկրատների դաշինքի խմբակցության տարածած հայտարարության մեջ ասված է, որ «Ցուկերբերգի պատասխաններն ադեկվատ չէին, իսկ Facebook-ի օգտատերերը, որոնց տվյալներն օգտագործվել են ոչ պատշաճ կերպով, փոխհատուցում ստանալու իրավունք ունեն», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս