Կրկին խոչընդոտ է ստեղծվել Սոթքի ոսկու հանքավայրի բնականոն աշխատանքի համար
Վարդենիսցի մի խումբ ակտիվիստներ մայիսի 22-ի հետկեսօրին կրկին ավտոմեքենաներով փակել են Սոթքի ոսկու հանքավայր և վարչական շենք տանող ճանապարհները, երկաթգիծը՝ այս անգամ արդեն առաջ քաշելով բնապահպանական խնդիրներ եւ պահանջելով հանքավայրի շահագործման դադարեցում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սոթքի ոսկու հանքավայրի գլխավոր ինժեներ Հարություն Հարությունյանը, ակտիվիստներն իրենց տրամադրության տակ եղած մոտ 10 ավտոմեքենաներով փակել են ճանապարհները եւ բացառապես խոչընդոտում են հանքավայրի գործունեությանը, իսկ գործին առայժմ չեն միջամտել տեղական իշխանությունը եւ իրավապահ մարմինները:
«Նախորդ հինգշաբթի եւ ուրբաթ օրերին նրանք պահանջում էին հանքավայրը շահագործող ընկերության եւ հանքավայրի տնօրինության հրաժարականը եւ իրենց աշխատանքով ապահովելու խնդիր էին դնում, հիմա արդեն հանդես են գալիս բացառապես բնապահպանական խնդիրների բարձրացմամբ՝ պահանջելով հանքի փակումը, քանի որ նրա գործունեության հետեւանքով իբրեւ թե թունավորվում են գետերը, օդը, խաթարվում է մարդկանց առողջությունը եւ այլն:
Մենք առայժմ ոչինչ չենք կարողանում ձեռնարկել եւ ստիպված կլինենք դադարեցնել աշխատանքը, մինչեւ որ հարցին միջամտեն համապատասխան կառույցները: Ավելորդ չեմ համարում հիշեցնել, որ Սոթքի հանքում աշխատում է 700 մարդ, հանքը շահագործվում է բնապահպանական բոլոր նորմերին համապատասխան, օրինական բոլոր փաստաթղթերով»,-ընդգծեց Հարություն Հարությունյանը:
Խոսրով Խլղաթյան