Բաժիններ՝

Մուն Չժե Ինը վստահ է, որ Թրամփը խաղաղություն կհաստատի Կորեական թերակղզում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կկարողանա հասնել ԿԺԴՀ-ի ռազմական միջուկային ծրագրի դադարեցման եւ պայմանագիր ստորագրել Կորեական թերակղզում խաղաղության մասին: Այս կարծիքը հայտնել է Կորեայի հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը՝ մայիսի 22-ին Սպիտակ տանը լրագրողների առջեւ ելույթ ունենալով Միացյալ Նահանգների իր պաշտոնակցի հետ հանդիպմանը:

«Ես վստահ եմ, որ նախագահ Թրամփը կկարողանա հասնել պատմական արդյունքի՝ հաջողությամբ անցկացնելով ամերիկա-հյուսիսկորեական գագաթնաժողովը եւ վերջ դնելով կորեական պատերազմին, որը պաշտոնապես շարունակվում է վերջին 65 տարում»,- հայտարարել է Մուն Չժե Ինը:

Բացի այդ, նրա համոզմամբ, Թրամփը կարող է հասնել «Հյուսիսային Կորեայի լիակատար միջուկազերծման, մշտական խաղաղության ռեժիմ հաստատել Կորեական թերակղզում եւ նորմալացնել հարաբերությունները Միացյալ Նահանգների ու Հյուսիսային Կորեայի միջեւ»: «Եվ ես ջանք չեմ խնայելու անհրաժեշտ ողջ աջակցույթունը ցուցաբերելու համար»,- հավաստիացրել է Հարավային Կորեայի ղեկավարը:

Ամերիկյան վարչակազմը շարունակում է նախապատրաստվել հունիսի 12-ին նշանակված ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովին, ինչի մասին մայիսի 22-ին լրագրողներին հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն: Նախագահ Թրամփը Մուն Չժի Ինի հետ կայացած հանդիպմանը հայտարարել է, որ եթե գագաթնաժողովը չկայանա հունիսին, այն կհաջողվի անցկացնել այլ ժամանակ: «Եթե հանդիպումը չկայանա, այն կարող է տեղի ունենալ ավելի ուշ: Հունիսի 12-ին այն կարող է եւ չկայանալ»,- ասել է Թրամփը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` Reuters

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս