«Տարիներ շարունակ ասել ենք ու շարունակելու ենք ասել` Արցախի մասնակցությունը բանակցություններին պարտադիր պայման է». Բալայան

«Նոր բան չէ, որ մենք պնդում ենք Արցախի մասնակցությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին»,- այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդմանը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին Արցախի Հանրապետության մասնակցության մասին:

Տիգրան Բալայանն ասաց, որ արտաքին քաղաքականության վերաբերյալ կա կոնսենսուս հանրության մեջ, և վարչապետը հայտարարել է, որ արտաքին քաղաքական կուրսը շարունակվելու է: «Նոր բան չէ, որ մենք պնդում ենք Արցախի մասնակցությունը: Դա տարիներ շարունակ ասել ենք, շարունակելու ենք ասել: Պարզապես այժմ իրողություններ են փոխվել, այդ մասին վարչապետը և թե այլ ձևաչափերով խոսվել է, որը նշանակում է՝ Արցախի ավելի շատ ներգրավում բանակցային գործընթացում»,- ասաց Բալայանը:

Հարցին, թե ինչպես է Արցախը միանալու բանակցություններին, ԱԳՆ խոսնակը պատասխանեց, որ Ղարաբաղն այսպես թե այնպես ներգրավված է բանակցություններում, կան փաստաթղթեր, որտեղ նշվում է բոլոր կողմերի մասնակցության անհրաժեշտության մասին:

«Խնդիրն այլ է, որ Ադրբեջանը տարիներ շարունակ մերժել է ուղիղ բանակցել Ղարաբաղի հետ, և ես ցանկանում եմ հիշեցնել, որ ԼՂ հակամարտության կարգավորման հիմնական արդյունքը՝ 1994 թվականի զինադադարի հաստատումը, եղել է Ղարաբաղի և Ադրբեջանի ուղիղ բանակցությունների արդյունքում: Դուք գիտեք, որ Ղարաբաղի այն ժամանակվա ղեկավար Ռոբերտ Քոչարյանը և Ադրբեջանի այն ժամանակվա ղեկավար Հեյդար Ալիևը հանդիպումներ են անցկացրել, գիտեք, որ եղել է ուղիղ նամակագրություն, Կազիմիրովի գրքին, կարծում եմ, բոլորդ ծանոթ եք, նրա հրապարակումներին բոլորդ ծանոթ եք, այդ փաստաթղթերը ներկայացված են:

Մեր խնդիրն այսօր հետևյալն է, որ Ադրբեջանի իշխանությունը, որը 2003 թվականից բանակցում է Ադրբեջանի անունից, հստակ գիտակցի, որ տևական կարգավորման, ամուր կարգավորման հասնելու ճանապարհը Ղարաբաղի հետ ուղիղ նստել բանակցելն է, այնպես չէ, որ մենք հրաժավում ենք բանակցություններից:

Այո, մենք՝ որպես Հայաստան, որպես Արցախի երաշխավոր՝ շարունակելու ենք բանակցությունները, միևնույն ժամանակ՝ ասելով, որ Արցախի մասնակցությունը բանակցություններին պարտադիր պայման է հստակ, հավասարակշիռ և տևական խաղաղությանը հասնելու համար»,- մեկնաբանեց Բալայանը:

Տեսանյութեր

Լրահոս