«Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ փոփոխության չի ենթարկվել». ԱԳՆ խոսնակ
Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ փոփոխության չի ենթարկվել: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների հիման վրա: Ինչպես նաև ապրիլյան ագրեսիայից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների հարգման պայմաններում»,- ասաց ԱԳՆ խոսնակը:
Անդրադառնալով համանախագահների՝ ՀՀ իշխանությունների հետ հունիսին նախատեսված հանդիպմանը, Տիգրան Բալայանը նշեց, որ դեռևս օրվա հետ կապված հստակեցում չկա:
«Ժամկետները ճշտվում են: Հստակ պայմանավորվածություն լինելու դեպքում կտեղեկացնենք: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը մայիսի 15-ին հանդիպել էին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին և տեղեկացրել Հայաստանի ղեկավարությանը հունիսին հանդիպելու իրենց ակնկալիքի վերաբերյալ: