Մի շարք նախարարությունների մամուլի խոսնակներ հայտարարել են աշխատանքից ազատվելու մտադրության մասին
Նոր կառավարության ձևավորմամբ պայմանավորված մի շարք գերատեսչությունների մամուլի քարտուղարներ հայտարարել են, որ այլևս չեն շարունակելու աշխատանքը: «Ֆեյսբուք»-ի իր էջում աշխատանքը չշարունակելու մասին է հայտնել գյուղատնտեսության նախարարի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը, ով նախարարի մամուլի խոսնակի պարտականությունները կատարել է նախարարներ Սերգո Կարապետյանի և Իգնատի Առաքելյանի պաշտոնավարման ընթացքում: «Սիրելիներս, ես շատ ուրախ եմ, որ տրվել էր հնարավորություն ձեզ հետ աշխատելու համար։ Դա մեծ պատիվ է ինձ համար։ Վստահ եմ շարունակելու ենք համագործակցությունը: Շնորհակալություն։ Ձեզ օրվա լավ շարունակություն եմ մաղթում»,- գրել է Անի Սմբատյանը։
Աշխատանքից ազատվելու մասին է հայտարարել նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Անուշ Դանիելյանը, ով նախարարի մամուլի խոսնակի պարտականությունները կատարել է վերջին 4 տարիների ընթացքում: «Իմ շատ սիրելի գործընկերներ, շնորհակալ եմ վերջին չորս տարիների համագործակցության համար: Ես այն գնահատում եմ շատ արդյունավետ։ Հույս ունեմ, որ այս գնահատականը փոխադարձ է: Համենայնդեպս, ես այդ համոզման եմ, ինչի հիմքը մեր համատեղ աշխատանքի ընթացքում Ձեզանից շատ շատերի համառությունն ու հետևողականությունն է, որը երբեք չանցավ փոխադարձ հարգանքի սահմանը: Ես վստահ եմ, որ Ձեր հետ համագործակցության միջոցով մենք կարողացել ենք իրազեկել մեր համաքաղաքացիներին, օգնել նրանց, որպեսզի արդյունավետ կերպով իրացնեն իրենց իրավունքները:Շնորհակալ եմ արդեն նախկին նախարար Արտեմ Ասատրյանին, ում հետ աշխատելու տարիներին ես շատ բան եմ սովորել: Շնորհակալ եմ նախարարության աշխատակազմին՝ կրտսեր մասնագետից մինչև վարչության պետ, աշխատակազմի ղեկավարից մինչև փոխնախարար, բոլոր նրանց, ում հետ առիթ եմ ունեցել աշխատելու այս տարիների ընթացքում:Բոլորիդ շատ սիրում եմ և մաղթում եմ լավ տրամադրություն»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Դանիելյանը:
Աշխատանքը չի շարունակի նաև Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը, ով իր պարտականությունները ստանձնել է 1.5 տարի առաջ, երբ նախարարի պաշտոնը ստանձնեց արդեն նախկին Սուրեն Կարայանը:
«Առաջին անգամ չգիտեմ, թե ոնց սկսեմ տեքստս՝ ի տարբերություն վերջին մեկ ու կես տարում գրված տասնյակ մամուլի հաղորդագրությունների: Երևի թե սկսեմ շնորհակալությունից բոլոր լրագրող գործընկերներիս, որոնց հետ աշխատելը թեև ամենահեշտ գործերից մեկը չէ, բայց ամենահետաքրքիրն է, ու ինչպես կասի մեր սերունդը, Challenging:
Շնորհակալ եմ էն լրագրողներից, որոնք փորձում էին տնտեսության ոչ այդքան հեշտ ոլորտը լուսաբանել հետարքրքությամբ, շնորհակալ եմ մասնագիտացված տնտեսական լրագրողներից, ումից ինքս լիքը բան սովորեցի այս ընթացքում։ Փորձել եմ ձեզ հետ լինել մաքսիմալ օպերատիվ, հասանելի ու արդյունավետ։ Շնորհակալ եմ ամենախուճուճ անունը կրող, բայց ամենահարազատ ու պրոֆեսիոնալ նախարարության բոլոր աշխատակիցներին, ում կյանքն էդքան կերել եմ: Լրատվական թիմ ջան, շնորհակալ եմ, որ դիմացել եք, ընդունել եք, երևի սիրել եք ու հետս աննորմալ ռիթմը կիսել եք:
Ու վերջապես շնորհակալ եմ էն պետական գործչին, ով ինձ վստահեց էս գործը՝ չնայած շատ երիտասարդ տարիքիս: Աշխատանքի օրոք ղեկավարի մասին անձնական կարծիք հայտնելը կոռեկտ չէ ու օբյեկտիվ չէ։ Հիմա էլ օբյեկտիվ չի լինի, բայց կլինի անկեղծ։ Մարդ, որ մեր երկրի անկախությունից ի վեր բարեխղճորեն աշխատել է պետական համակարգում ու վերջին երկու տարում էլ ՝ տարիների ընթացքում կուտակված փորձը, գիտելիքները և հմտությունները էդքան մեծ նվիրվածությամբ ու եռանդով ներդրել տնտեսությունը զարգացնելու գործում։
Նախարար, որի հետ ողջ թիմը կիսել է օր-օրի ավելի բարելավվող տնտեսական ցուցանիշների շուրջ ոգևորվածությունը։ Նախարար, որ ամենադրական իմաստով հանգիստ չէր տալիս գործարարներին ու նախանձելի էնտուզիազմով հետամուտ էր լինում բիզնեսի ամեն մի ծրագրին։ Նախարար, ում անցկացրած բանակցությունները դպրոց են։ Ղեկավար, ում հետ աշխատանքից ամեն օր ավելի հոգնած էիր վերադառնում տուն, բայց հաջորդ օրն էլ ավելի մոտիվացված գալիս աշխատանքի։ Շնորհակալ եմ, պարոն նախարար»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Օհանյանը:
Ավելի վաղ աշխատանքը չշարունակելու մասին էր հայտարարել նաև վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը: Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակի պաշտոնը մինչ այս պահը թափուր է: