Իսրայելի պաշտպանության նախարարը Ասադից պահանջել է իրանցիներին «դուրս շպրտել» Սիրիայից
Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին կոչ է արել՝ երկրից «դուրս շպրտել» իրանական զինված կազմավորումներին, որոնց պատճառով, ռազմական գերատեսչության ղեկավարի խոսքով, Դամասկոսի խնդիրներն ավելի շատ են, քան օգնությունը:
Իրանին մեղադրելով Սիրիան ագրեսիայի հենակետ դարձնելու ձգտման մեջ՝ իսրայելացիները լույս մայիսի 10-ի գիշերը գրոհել են հարեւան երկրում իրանցիների տասնյակ օբյեկտների վրա՝ ի պատասխան Գոլանի բարձունքների այն հրթիռակոծումների, որոնք, ինչպես պնդում են Երուսաղեմում, ձեռնարկվել են «Ալ-Քուդս»-ի՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերի կողմից:
«Քանի որ ես այստեղ եմ, կցանկանայի օգտվել այս հնարավորությունից եւ ուղերձ հղել Ասադին. դուրս շպրտեք իրանցիներին, Քասեմ Սուլեյմանիին եւ «Ալ-Քուդս»-ի ուժերին: Նրանք ձեզ չեն օգնի, նրանցից միայն վնաս կլինի: Նրանց ներկայությունն իսկ խնդիրներ է ստեղծում»,-ասել է Լիբերմանը Գոլանի բարձունքներ կատարած ուղեւորության ժամանակ, որոնք Իսրայելի կողմից Սիրիայից խլվել են 1967 թվականին եւ ավելի ուշ բռնակցվել:
«Երբ դուք կազատվեք իրանցիներից, միայն այդ ժամանակ հնարավոր կլինի շարժվել դեպի նոր կյանք»,- հավելել է Իսրայելի պաշտպանության նախարարն իր ելույթում, որի սղագրությունը տարածել է նրա մամուլի ծառայությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: