«Ելքն» ու «Երկիր Ծիրանին» կհամագործակցե՞ն. պարզաբանում է Դավիթ Խաժակյանը
«Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջը հնչեցրել ենք, և կարծում եմ, որ մեր հնչեցրած պահանջը ևս ուշացած էր, և Տարոն Մարգարյանի հրաժարականն առօրեական էր ամսի 23-ից, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց»,- այսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը։
Նա նշեց, որ սպասում են ավագանու մյուս գործընկերներին, որպեսզի կարողանան խմբակցության նիստ անցկացնել և գործնական քայլերի մասին քննարկում իրականացնել։
Ինչ վերաբերում է Տարոն Մարգարյանի հրաժարականի հարցում «Երկիր Ծիրանի» խմբակցության հետ համագործակցությանը, նա ասաց, որ երկու խմբակցություններն էլ ընդդիմադիր են և Տարոն Մարգարյանին որպես քաղաքապետ չեն տեսնում.
«Գործնական քայլերի մասին, ինչպես նշեցի, պետք է խմբակցությունով որոշում կայացնեն, որպեսզի քննարկենք թե՛ համագործակցությունը, թե՛ առհասարակ գործողությունների շարքը»։
«Ելքում», ըստ Խաժակյանի՝ քննարկում չի եղել նաև իրենց քաղաքապետի թեկնածուի մասին. «Դա էլ ևս այն քննարկումներից է, որը ենթադրում է գործնական քայլեր»։
Խաժակյանը բացառում է Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո այլ ՀՀԿ-ական քաղաքապետի ընտրությունը. «Եթե լինի հրաժարականը, ես դա բացառում եմ։ Նախ՝ որևէ ՀՀԿ ավագանու անդամ, չեմ կարծում, թե նման բեռ իր վրա վերցնի, դա կլինի անտրամաբանական, որովհետև ամսի 23-ից հետո երկրում իրապես բան է փոխվել, և այդ իրողությունների հետ պետք է ՀՀԿ բոլոր կառույցների ղեկավարները հաշվի նստեն»։
Նրա խոսքով՝ նույն մարդիկ, ովքեր խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձայն են տվել ՀՀԿ-ին, ձայն են տվել նաև Երևանի ավագանու ընտրություններին. «Եթե այն մարդիկ, ովքեր ընտրել են ՀՀԿ-ին, օրեր շարունակ արտահայտել են իրենց կամքը և ասել, որ փոշմանել են իրենց ընտրության համար և ցանկանում են բոլորովին այլ իշխանություն, շատ տրամաբանական է, որ այստեղ էլ փոփոխություն պետք է կատարվի՝ անկախ նրանից՝ դա կլինի հարկադրանքով, բազմամարդ ցույցերով, թե այլ մեխանիզմներով։ Այդ փոփոխությունն արդեն եղել է, մնում է իրավաբանորեն ամրագրվի»։
Խաժակյանը կարևորում է նաև Նիկոլ Փաշինյանի կարծիքը. «Նա ևս, որպես կառավարության ղեկավար, պետք է իր դիրքորոշումը հայտնի։ Այս գործընթացները հենց տեղի ունենան, մենք պատրաստակամ ենք որևէ ակտիվ գործողության»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում