Բաժիններ՝

Բրիտանացիները Էդ Շիրինի «Perfect» կոմպոզիցիան ճանաչել են բոլոր ժամանակների լավագույն երգը. Smooth radio

Բրիտանացիները Էդ Շիրինի «Perfect» կոմպոզիցիան ճանաչել են բոլոր ժամանակների լավագույն երգը: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ասված է լավագույն 500 երգերի՝ ապրիլի 7-ին հրապարակված վարկանիշում, որն ամեն տարի կազմում է Smooth radio բրիտանական ռադիոկայանը:

27-ամյա երգչի կոմպոզիցիայի օգտին, որը նրա անցյալ տարվա «Divide» ալբոմից է, քվեարկել են ռադիոկայանի 30 հազար ունկնդիրների մեծամասնությունը, որոնք մասնակցել են վարկանիշի պատրաստմանը: Այդ երգին հաջողվել է առաջին հորիզոնականից հետ մղել Ջորջ Մայքլի «Careless Whisper» հիթը, որը նա ձայնագրել էր դեռ անցյալ դարի 80-ական թվականների սկզբին: Դրա հետ մեկտեղ Մայքլը, որը վախճանվել է 2016 թվականին, մնացել է առավել մեծ ժողովրդականություն վայելող կատարողը վարկանիշում, որի 500 երգերից բաղկացած ցուցակում 20-ը հնչում են նրա կատարմամբ:

Համեմատության համար նշենք, որ Շիրինը վարկանիշում ունի ընդամենը չորս կոմպոզիցիա: Ժողովրդականության ցուցանիշով երկրորդ տեղում է Էլթոն Ջոնը՝ 18 երգով: Առավել մեծ ժողովրդականություն վայելող կին կատարողներ են ճանաչվել Ադելը եւ Ուիթնի Հյուսթոնը, իսկ ամենամեծ ժողովրդականություն վայելող կոլեկտիվը՝ ABBA-ն, որը ներկայացված է 15 երգով:

Դրանցից առավել բարձր տեղ գրավածը՝ «Dancing Queen»-ը, զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը: Մայքլ Ջեքսոնը, Սթիվի Ուանդերը եւ Beatles-ը զբաղեցնում են վարկանիշի 13-ական դիրքեր: Ջորջ Մայքլի A Different Corner կոմպոզիցիան ցուցակի երրորդ հորիզոնականում է: Տասնյակում նաեւ տեղ են գտել Ուիթնի Հյուսթոնի «I Will Always Love You»-ը, Շիրինի «Thinking Out Loud»-ը, արդեն հիշատակված ABBA-ի պարային հիթը, Ռոբի Ուիլյամսի «Angels»-ը, Դեւիդ Բոուիի «Life on Mars»-ը, Ադելի «Someone Like You»-ը եւ Fleetwood Mac-ի «Go Your Own Way»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս