«Աննախադեպ իրավիճակ է տիրում ՀՀ ողջ տարածքում, մարդիկ իրար դեմ են դուրս եկել». Վահրամ Բաղդասարյան

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն Ազգային ժողովի հատուկ նիստին վարչապետի ընտության քվեարկությունից առաջ իր ելույթում ասաց, որ այսօր առավոտյան մի փոքր խուճապ կար:

Նա ասաց, որ պատգամավորները չեն լսել Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ այսօր ոչ աշխատանքային օր չէ, և եկել են աշխատանքի. «Մեր դիրքորոշման մեջ փոփոխություն չկա, մեր կարծիքների մեջ և այն, ինչ ասել եմ մեր նախորդ հանդիպումներում, պետք է կրկնեմ՝ նույնն է: Աննախադեպ իրավիճակ է տիրում ՀՀ ողջ տարածքում, մարդիկ իրար դեմ են դուրս եկել, հասարակությունը բաժանվել է սպիտակների և սևերի, ամենուր ատելության մթնոլորտ է»:

Նա ասաց, որ նախորդ փուլի ժամանակ իրենք վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին հարցեր էին ուղղում, որպեսզի հասկանան՝ արդյոք նա կարո՞ղ էր իր վրա վերցնել այդ բեռը. «Այդ մտավախությունները չվերացան: Աստված տա՝ սխալվենք: Ամեն դեպքում, ՀՀԿ-ն կօժանդակի վարչապետի ընտրության հարցում, ոչ միայն՝ չի խոչընդոտի, այլև՝ կօժանդակի: Հորդորում ենք ձեզ՝ հանուն մեր երկրի և ապագայի՝ փորձել վերացնել այս համատարած ատելությունը, այն խոչընդոտում է մարդկանց բնականոն գործունեությանը: Ատելություն մի սերմանեք մեր ապագա սերունդների մեջ»:

Նա հույս հայտնեց, որ Ն. Փաշինյանը վարչապետի պաշտոնում կտեսնի՝ ինչ ծանր աշխատանք է դա, ու ներողություն կխնդրի իր նախկին վիրավորանքների համար: Նա ասաց, որ ՀՀԿ-ից 10 անձ կողմ կքվեարկի Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, սակայն դա չի նշանակում, որ նրանք Ն. Փաշինյանի կողմնակիցն են:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս