Նիկոլ Փաշինյանի առաջին հանձնարարականներից մեկը լինելու է Պաշտպանության նախարարին

Ինչպես հայտնի է, այսօր գումարվել է Ազգային ժողովի հատուկ նիստ, որտեղ երկրորդ փուլով ընտրվելու է ՀՀ վարչապետը: Հիշեցնենք, որ վարչապետի միակ թեկնածուն «Իմ քայլը» նախաձեռնության անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է, որն առաջին փուլի ընտրության ժամանակ չընտրվեց, քանի որ Հանրապետական խմբակցությունը դեմ էր քվեարկել նրա թեկնածությանը: Այժմ Ն. Փաշինյանն առաջադրվել է պատգամավորների 1/3-րդի ստորագրությամբ, և ՀՀԿ-ն էլ խոստացել է, որ աջակցելու է Ն. Փաշինյանի թեկնածությանը:

Ն. Փաշինյանն իր ելույթում ասաց, որ մեծ խորհուրդ կա նրանում, որ հենց այսօր՝ Շուշիի ազատագրման օրն է ամրագրվում ժողովրդի հաղթանակը: Նրա խոսքով՝ հայ ժողովուրդը ոգևորված և հաղթած է այնքան, որքան Շուշիի ազատագրման օրերին: Ըստ նրա՝ ՀՀ-ում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը զարմացրել և հիացրել է ողջ աշխարհին, և ՀՀ միջազգային վարկանիշն առավել բարձր է, քան երբևէ:

Նա վստահեցրեց, որ ընտրությունների արդյունքներն այլևս չեն կեղծվելու, ընտրակաշառք չի բաժանվելու, մենաշնորհներ չեն լինելու. «Իշխանությունը փող աշխատելու միջոց չի լինելու, և վերջ, հաստատվելու է օրենքի և իրավունքի գերակայություն, և վերջ: Մեր կառավարությունը շրջադարձային փոփոխություններ է իրականացնելու: Այդ խնդիրները լուծվելու են՝ առանց վենդետաների, առանց սեփականության վերաբաշխման: Քաղաքական և տնտեսական հետապնդումների էջը փակված է Հայաստանում: Մենք հենց սա ենք համարում այն անկյունաքարը, որի վրա պետք է կառուցվի ՀՀ-ն»:

Նա կրկնեց, որ ժողովրդի վերադարձի ժամանակը եկել է, և նորից խոսեց այն մասին, որ կադրային ջարդ չի լինելու: Նրա խոսքով՝ իրենք պատրաստվում են մեկտեղել բոլորի ներուժը Հայաստանի շենացման գործում: Ն. Փաշինյանն ընդգծեց, որ ՀՀ-ում հեղափոխական տեմպերով պետք է զարգացել բարձր տեխնոլոգիաների ոլորտը, գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը:

Կարդացեք նաև

Վարչապետի թեկնածուի խոսքով՝ ՀՀ արտաքին քաղաքականության առանցքը լինելու է Հայաստանի և հայ ժողովրդի հավաքական շահը: Նա վերահաստատեց, որ ՀՀ-ն կմնա ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ, և քայլեր կձեռնարկվեն, որ ՀՀ-ի անդամակցումն այս երկու կառույցներին առավել արդյունավետ դառնա:

Ն. Փաշինյանը նաև ասաց, որ ամեն ինչ անելու են ԼՂՀ հարցի խաղաղ կարգավորման համար: Նա ասաց, որ ինքը պատրաստ է բանակցել Ալիևի հետ, սակայն կարծում է՝ բանակցությունները չեն կարող լիարժեք և արդյունավետ համարվել, քանի դրանց չի մասնակցում Արցախի Հանրապետությունը:

Ն. Փաշինյանն ասաց, որ իր առաջին հանձնարարականներից մեկը ՀՀ պաշտպանության նախարարին լինելու է այն, որ անհրաժեշտ քայլեր ձեռնարկվեն, որ բացառվի զինվորի կարիքի բավարարումն իր ծնողի վրա դնելը:

Տեսանյութեր

Լրահոս