«Վաղվա համար միակ ճիշտ լուծումը կլինի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրությունը». Արմեն Ռուստամյան

Վաղվա համար միակ ճիշտ լուծումը կլինի վարչապետի պաշտոնում Նիկոլ  Փաշինյանի ընտրությունը: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ դրանից հետո կսկսվի կարևոր փուլը` երկիրը ռելսերի վրա դնելու փուլը:

Ա.Ռուստամյանը նշեց, որ ՀՅԴ-ն Ն.Փաշինյանի հետ պաշտոնների հարց չի քննարկել, բայց պատրաստ է օժանդակել կառավարման գործում. «Մենք ակնկալիք չունենք, որ անպայման պետք է մաս կազմենք կառավարությանը, բայց մենք չենք ուզում, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չհաջողի այն բոլոր խնդիրների լուծումը, որ իր առջև դնելու է:

Բնականաբար, մենք մեր ողջ կարողություններով աջակցելու ենք: Շարժումը չի ավարտվում փողոցում, շարժման խնդիրների լուծումը պետք է տեղափոխվի այլ ինստիտուցիոնալ կառույցներ, և ՀՅԴ-ն պատրաստ է իր ներուժը դնել, որ հանկարծ չձախողվի արարման փուլը: Մենք չենք պատրաստվում մենակ թողնել Նիկոլ Փաշինյանին: Մենակ չենք թողնի այն տրամաբանությամբ, որ չենք ուզի, որ այս կառավարությունն էլ ձախողվի»,- ասաց Ա.Ռուստամյանը` նկատելով, որ իշխանությունների ամենամեծ փորձաքարը ճիշտ կադրային քաղաքականությունն է:

Ըստ նրա՝ նոր կառավարության ձևավորման հիմքում 2 մտահոգություններ կան` մեր հարաբերությունները գերտերությունների հետ պետք է շարունակվեն, կտրուկ շրջադարձեր արտաքին քաղաքականությունում չպետք է լինեն, մասնավորապես, ՌԴ-ի հետ կապված ոչ միայն պետք է պարտավորությունները պահպանենք, այլ հասնենք նրան, որ երկկողմանի պարտավորություններն իսկապես կյանքի կոչվեն: Երկրորդը, Ռուստամյանի խոսքով, պետք է հստակ դառնա, որ նոր կառավարությունը ձևավորվում է համախոհությամբ երկիրն առաջ տանելու տրամաբանության շուրջ:

Կարդացեք նաև

Ն.Փաշինյանի հետ Դաշնակցությունը քննարկել է Արցախի հարցը, նշվել է, որ այն պետք է կարգավորվի այն տրամաբանությամբ, որը Արցախի ժողովուրդը հանրաքվեի միջոցով արտահայտել է: Ա.Ռուստամյանի խոսքով` խորհդարանական համակարգը ոչ թե պետք է վերացվի, այլ զարգացվի, Ընտրական օրենսգիրքը պետք է փոփոխվի, և վերացվի ռեյտինգային ընտրակարգը:

Արտահերթ ընտրությունների համար ժամկետներ նշելն Ա.Ռուստամյանն ինքնանպատակ չի համարում և կարծում է, որ ոչ ոք հստակ չի կարող ժամկետ նշել:

Նրա կարծիքով` պետք է կատարվեն փոփոխություններ, որ ընտրությունները կասկածի տակ չդրվի որևէ մեկի կողմից, սարքեր տեղադրվեն ամբողջ հանրապետությունում, վարչապետի լիազորությունները պակասեցվեն, կանխվի ընտրակաշառքը, հավասար հնարավորություններ ընձեռվեն բոլոր ուժերին. «Այսօր համաժողովրդական շարժումը կլանել է բոլոր ուժերի ընտրազանգվածը»:

 

Տեսանյութեր

Լրահոս