«Աղվան Վարդանյանի որոշումն անակնկալ էր իր իսկ խմբակցության համար, և այդ պահվածքին անպայման գնահատական կտրվի». Արմեն Ռուստամյան
Աղվան Վարդանյանի որոշումն անակնկալ էր իր իսկ խմբակցության համար։ Այսօր ԱԺ հատուկ նիստում ՀՀ վարչապետի թեկնածուի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ նշելով, որ խղճի մտոք քվեարկությունը պատգամավորի իրավունքն է, բայց ՀՅԴ-ն ունի ավանդույթներ, նման քայլը դեմ է դրանց։
«Մենք այդ պահվածքին անպայման գնահատական կտանք»,- ասաց Ա.Ռուստամյանը։
Խմբակցության դիրքորոշումը, ըստ նրա, նույնն է և անփոփոխ, քվեարկելու են հօգուտ Նիկոլ Փաշինյանի։
Ա.Ռուստամյանը նշեց, որ իրենց դիրքորոշման նպատակը մեկն է՝ հասնել հանգուցալուծման, որից կշահի ողջ ժողովուրդը Հայաստանում, Արցախում և սփյուռքում. «Մեր ժողովրդի և քաղաքական ուժերի հասունության ու իմաստնության փորձություն է սա»։
Ա.Ռուստամյանի խոսքով՝ նոր ֆորսմաժորային իրավիճակն անհապաղ լուծումներ է պահանջում, և դրա համար դուռ բացեց Սերժ Սարգսյանը՝ իր հրաժարականով՝ ապացուցելով, որ վարչապետի պաշտոնում նեղ անձնական շահ չէր հետապնդում. «Հիմա Հանրապետականի հերթն է՝ ապացուցել, որ նեղ կուսակցական շահ չի հետապնդում և պատրաստ է գնալ խաղաղ հանգուցալուծման ճանապարհով»։