Բաժիններ՝

Ղանդահարում պայթյուններից տուժել են ռումինացի ութ զինվորականներ, զոհվել է 11 դպրոցական

Ռումինացի ութ զինվորականներ են տուժել ապրիլի 30-ի առավոտյան Աֆղանստանում իրականացված երկու պայթյունների հետեւանքով: Այդ մասին հայտնել է Mediafax գործակալությունը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությանը: Ավելի վաղ «Պաժվակ» գործակալությունը հայտնել էր, որ Ղանդահարի նահանգում պայթյունի թիրախը եղել է ռումինացի զինվորականների ավտոշարասյունը, որը երկրում է գտնվում է ՆԱՏՕ-ի «Վճռորոշ աջակցություն» առաքելության շրջանակներում:

TOLOnews հեռուստաալիքը, վկայակոչելով տեղական իշխանություններին, հայտնել է, որ Ղանդահարի նահանգում իրականացված պայթյունների պատճառով նաեւ զոհվել են մեդրեսեի 11 սովորողներ: Տուժած զինվորականներին ցուցաբերվել է առաջին օգնությունը, այնուհետեւ նրանց տեղափոխել են Ղանդահարի ռազմական հոսպիտալ: Նրանց վիճակը գնահատվում է՝ կայուն: Գործակալությունը ճշտում է, որ զինվորականներն առաքելությունն իրականացնում էին փետրվարից եւ Աֆղանստանը պետք է լքեին օգոստոսին:

Նաեւ ապրիլի 30-ի առավոտյան երկու պայթյուն է որոտացել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում: Վերջին տվյալների համաձայն, զոհվել է 29 մարդ, այդ թվում՝ ութ լրագրող, ավելի քան 40 հոգի վերքեր են ստացել: Տեղի ունեցածի պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս